Հերմինե Նաղդալյանը հերքում է` Գորիս-Վայք ճանապարհի խայտառակ վիճակի պատասխանատուն իր ամուսնու ընկերությունը չէ

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել, որի համաձայն՝ Արցախից Երևան ուղևորվելիս` Գորիս-Վայք հատվածում ճանապարհը, մեղմ ասած, խայտառակ վիճակում է, և նման անգործությունը չպետք է հանդուրժել: Ըստ շրջանառվող լուրերի` ճանապարհի այդ հատվածի շինարարական աշխատանքների համար պատասխանատու է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ամուսնուն` Դավիթ Բեգլարյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն: Սակայն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հ.Նաղդալյանը հերքեց այդ լուրերը: «Դա չի համապատասխանում իրականությանը, իմ ամուսնուն պատկանող ճանապարհաշինարարական ձեռնարկությունը երբևիցե չի զբաղվել ճանապարհային շահագործման աշխատանքներով այն հատվածի վերաբերյալ, որ դուք ասում եք: Դրանով զբաղվել է այլ ճանապարհաշինարարական ձեռնարկություն, կարող եք ճշտել»,- ասաց Հ.Նաղդալյանը:

Նա նշեց, որ նման աշխատանքներն իրականացվում են մրցութային կարգով: Չնշելով, թե կոնկրետ որ ընկերությունն է պատասխանատու ճանապարհի վատ վիճակի համար, Հ.Նաղդալյանը հայտարարեց, որ այն երկար տարիներ է իրականացնում այդ աշխատանքները, և, քանի որ դրանք այնքան էլ որակով չեն կատարվել, և ճանապարհն այսօր շատ ծանր վիճակում է, Տրանսպորտի և կապի նախարարության կողմից աշխատանքներ են ձեռնարկվել` իրավիճակը շտկելու համար:

Տեսանյութեր

Լրահոս