«Քոչարյանի հետ դեռևս այդ հանդիպման նախապատրաստական փուլն էլ չկա». Գալուստ Սահակյան
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դրական է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նման իրավիճակներում համախմբվածությունը, իհարկե, շատ դրական է: 168.am-ի դիտարկմանը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նման հանդիպումներն արդյունավետ չի համարում, Գ.Սահակյանը պատասխանեց. «Հասկանալի է, բայց վերջին հաշվով՝ Քոչարյանի հետ դեռևս այդ հանդիպման նախապատրաստական փուլն էլ չկա»:
Նա համաձայնեց Լ.Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, որ վերջին իրադարձություններից հետո նախագահին պետք է ամբողջ ժողովուրդն աջակցի: Մեր հարցին, թե՝ համաձա՞յն եք նաև Տեր-Պետրոսյանի այն գաղափարին, որ վարչախումբը պետք է ժողովրդին դեմքով շրջվի, Գ.Սահակյանը պատասխանեց. «Դրանք արդեն իմ էս ասածներին հակառակ խոսքեր են, որ վարչախումբը պետք է ժողովրդին դեմքով շրջվի: Դա բոլորս էլ ամեն օր ասում ենք այդ խոսքերը: Դա չէ կարևորը, կարևորն այսօր այն է, որ այս թնջուկից կարողանանք դուրս գալ»: Անդրադառնալով Լ.Տեր-Պետրոսյանի դիտարկմանը, որ բանակցային սեղանին Մադրիդյան սկզբունքներն են, որոնք, ի դեպ, Սերժ Սարգսյանը 2008-ին պարտվողական էր անվանել, ԱԺ նախագահը հայտարարեց, որ դրանք պարտվողական չեն, և այդ փաստաթղթի շրջանակներում բոլոր տիպի հարցերը պետք է քննարկվեն: «Մինսկի խումբը 1994-ից ձևավորված խումբ է, որը մտածում է ոչ թե, որ բանակցությունները շուտ ավարտվեն, այլ մտածում է՝ այնքան հանդիպումներ կազմակերպեն, որ խաղաղ ճանապարհով բանակցություններն ավարտվեն»,- ասաց նա: Հարցին` այսօր ռուսամետ ուժերի համախմբման նպատակը նաև ա՞յն է, որ Ռուսաստանի դեմ ձևավորված տրամադրությունները մեղմացնեն, Գ.Սահակյանը պատասխանեց. «Պետք է մտածել, այն ձախողումը, որ օրեր առաջ փորձում էր մեր հարևանը կատարել մեր գլխին, պետք է այդ ձախողումներից ճիշտ ճանապարհով դուրս գալ: Այսօր որոշել, թե ով է ռուսամետ, ով՝ եվրոպամետ, սրանք այսօրվա խնդիրները չեն»: