«Ձեր ասած օլիգարխները կարողացել են այդ խնդրի լուծմանը հանդես գալ». Գալուստ Սահակյան
«Ոչ միայն իշխանությունը, այլև ամբողջ ժողովուրդը պետք է դասեր քաղի և կարողանա իր հայրենիքը մինչև վերջ պահել: Ինչ վերաբերում է, որ այս ընթացքում միլիոնատերեր առաջացան, կարողացան տնտեսություն կազմակերպել, այդ տնտեսությունում մարդիկ աշխատում են և այլն, դա սովորական խոսակցություններ են, որը մեր այսօրվա գործի հետ որևէ կապ չունի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե իշխանությունն ի՞նչ դասեր պետք է քաղի վերջին օրերի պատերազմից և ինչպե՞ս է ստացվել, որ միլիոնատերերը հարստանում են, իսկ բանակը չունի արդի սպառազինություն:
Թե ինչո՞ւ ենք կռվում 80-ականների զենքով, ըստ Գ.Սահակյանի, այդ հարցն իրենից «տարբերվող հարց է», որ կարծիքներ հայտնի և ինքը չի կարող ասել, թե կոնկրետ որ թվականի զենքով ենք կռվում: «Ես չեմ կարծում, որ մենք զենք չունենք, մենք ինչ-որ չափի զենք ունենք և այդ զենքով փորձում ենք պաշտպանել մեզ: Այս տարիների ընթացքում ձեր ասած օլիգարխները կարողացել են այդ խնդրի լուծմանը հանդես գալ»,- ասաց Գ.Սահակյանը: