Եթե մտածում են, որ այդ հարստությունը դիզելով սերնդեսերունդ փոխանցելու են, չարաչար սխալվում են. Արմեն Ռուստամյան
Ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող որոշ հատվածներում այս գիշեր արձանագրված զորքերի տեղաշարժը բնական է: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, տեղաշարժեր միշտ էլ կան, և սադրանքներ միշտ էլ հնարավոր են: Ըստ նրա` պետք է ապացուցել Ադրբեջանի ագրեսոր լինելու հանգամանքը և դրանից բխող գործողություններ պետք է սկսվեն, որպեսզի նման իրավիճակներ չառաջանան:
«Սրա հետ կապված նույնպես շատ լուրջ անելիքներ կան: Ես չեմ բացառում, որ սա կարող է կապված լինել Եվրոպայի խորհրդում սպասվող քննարկումներով, որովհետև այնտեղ նախաձեռնվում է ընթացիկ հարցի կարգավիճակով քննարկում անցկացնել, կարող է սա դրա համար ֆոն ստեղծելու նաև խնդիր է, որ հետպանդում են ադրբեջանցիները, այնպես որ հնարավոր է դա լինի»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Ա.Ռուստամյանը նշեց, որ պետք է հասցեավորված ասվի, թե ով է Մինսկի խմբի ձևաչափից հրաժարվում, պետք է հստակ ասվի, որ Ադրբեջանը չի ուզում գործել միջազգային չափանիշներին համապատասխան. «Բոլոր այն հղումները, որ Ադրբեջանն անում է ՄԱԿ տարբեր բանաձևերի վրա, դրանցում կարմիր գծով գնում է մի պահանջ` եթե ուզում եք ինչ-որ մի հարց լուծել, նախ և առաջ պետք է հրադադար լինի, ռազմական գործողությունները դադարեցվեն և թշնամնքը դադարեցվի: Այսինքն` եթե դա տեղի չի ունենում, որևէ քննարկում և կարգավորում անիմաստ է խաղաղ գործընթացի միջոցով: Ադրբեջանին պետք է արդեն միջազգային հանրությունը սանձի, որովհետև սա դառնում է մի պետություն, որ սանձազերծում է գործողություններ, որոնք ռազմական հանցագործության նշաններ ունեն իրենց մեջ, այսինքն Ադրբեջանը հայտնվել է իր իսկ քաղաքական ծուղակի մեջ»:
Ա.Ռուստամյանի խոսքով` միջազգային հանրության լռությունը նշանակում է, որ իրենց մոտ ինչ-որ բան այն չէ: Նա նշեց, որ մեր անվտանգությունն առաջին հերթին մեր ձեռքում է, եթե մեր զինվորները չկանգնեցնեին սահմանին թշնամուն, միջազգային հանրությունն ինչքան էլ ուզենար, որևէ բան չէր անելու: Պատգամավորի կարծիքով` Ղարաբաղի անվտանգության գոտին ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր անվտանգությունը մեր ձեռքում է:
168.am-ի հարցին, թե արդյոք Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի նկատմամբ իրատեսակա՞ն է, Ա.Ռուստամյանը պաատսխանեց, որ դրա համար այդ պրոցեսը պետք է սկսվի, այդ թղթածրարը պետք է արագ ձևավորվի. «Բայց հիմա եթե շարունակվի այս տեմպով, այդ թղթածրարը լրացվելու է Ադրբեջանի կողմից իրականացված նորանոր հանցագործություններով»:
Ա.Ռուստամյանը նշեց, որ դեպի ժողովուրդը շրջվելու կոչեր բազմիցս են եղել, բայց հարցը միայն կոչերը չեն, պետք է հասկանալ, որ հայրենիքը բոլորի համար է: Նա հիշեցրեց հայտնի ասացվածքը, որ եթե դու չես կերակրում քո բանակը, կերակրում ես թշնամու բանակը. «Բոլոր մեծահարուստները պետք է հասկանան, որ այդ ամենը կարող է զրոյի վերածվել, եթե հայրենիքը չպաշտպանվի: Իսկ հայրենիքն այսօր պաշտպանում են հիմնականում անապահով խավի զավակները: Սա բոլորի համար պետք է դաս լինի, որ այս համախմբումը ահազանգ էր նաև այդ անձանց, որ ամեն մի լուման պետք է ուղղվի նախ և առաջ մեր պաշտպանւթյանը: Եթե մտածում են, որ այդ հարստությունը դիզելով սերնդեսերունդ փոխանցելու են, չարաչար սխալվում են: Սերունդների կյանքն ապահովվում է հայրենիքը պաշտպանելով»:
Մեր հարցին, թե գործանակում այդ փոփոխությունը զգացվո՞ւմ է, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ դա ժամանակի ընթացքում պետք է երևա. «Այս ամենը լուրջ դեր է խաղալու, որ լուրջ վերանայումներ կատարվեր մեր ընթացքի մեջ թե´ ներքին, թե´ արտաքին»: