
Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին

Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակման ընթացքում հայկական կողմին փոխանցվել է 18 զոհված զինծառայողի մարմին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արդեն հայտարարել է, որ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում: Մեզ փոխանցվել է 18 զինծառայողի մարմին, մեկ հոգու ճակատագիր շարունակում է անհայտ մնալ»,- ասել է Բաբայանը:
ԼՂՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք
բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում։