Հրաչյա Մուրադյանը զոհվել է վիրավոր ընկերոջն օգնելիս. news.am
Պայմանագրային զինծառայող, 33-ամյա շարքային Հրաչյա Մուրադյանը զոհվել է ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը շփման գծում հակառակորդի ագրեսիան հետ մղելիս։ Վերջին բանը, որ հասցրել է անել, ապրիլի 7–ին մոր տոնը շնորհավորելն էր։ Հավատացրել է, թե դիրքերում չէ, զորավարժությունների է մասնակցում։ Թեժ մարտերի մասին ոչինչ չի պատմել։ Իսկ մինչ այդ նրան տանն էին սպասում։
«Մենք սպասում էինք, որ ապրիլի 1–ին պիտի գար, հենց էդ օրը զանգեց, ասեց՝ արդեն դիրքերից իջել ենք չաստում ենք, դուրս կգանք ու ժամը 4–5–ի կողմերը տանը կլինենք։ 15 րոպե հետո էլ զանգեց ասեց՝ մեզ տանում են ուրիշ տեղ, ասեց, որ երեք օր խաբար չեք ունենալու ինձանից, դիրքերում չեմ լինելու, Խոջալու եմ գնում, զորավարժությունների ենք։ Էդ օրերին մի քանի անգամ զանգեց ու միայն էդ էր ասում։ Վերջին անգամ ապրիլի 7–ին զանգեց, մամային շնորհավորեց, ասեց՝ հեռախոսիս մեջ զարյադկա չկա, չեմ կարա խոսեմ… Մենք զգում էինք, որ խաբում էր, բայց ուզում էինք իրան հավատայինք, որ դիրքերում չի…»,– NEWS.am–ին պատմեց կրտսեր եղբայրը՝ հուզմունքը խեղդելով։ Մելիքը հիշեց, որ 2014–ի ամռանն էլ եղբայրը ոտքի էր ելել։ Երբ շփման գծում կրկին լարվել էր, զանգահարել էր զինկոմիսարիատ ու դիրքեր մեկնելու պատրաստակամություն հայտնել։
Զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Դավիթ Եղիկյանի պատմելով՝ Հրաչյան զոհվել է հակառակորդի գնդակից վիրավորված ընկերոջն օգնելու պահին։ «Հրաչը կյանքը տվեց հանուն հայրենիքի, հանուն ընկերոջ, զոհվեց ընկերոջը օգնելու ժամանակ… Մարտական դիրքերում վիրավոր ընկերոջ կյանքը փրկելու համար մահաբեր գնդակը իր վրա է վերցրել ու զոհվել»։ Գնդապետի տեղեկություններով՝ մարտական ընկերը ապաքինվում է, կյանքին վտանգ չի սպառնում։
Մանրամասներն՝ այստեղ