Հակառակորդի զինատեսակների առավելությունն անհապաղ վերացնել է պետք. Արմեն Դարբինյան
Արմեն Դարբինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերադարձա Արցախից: Հիացած եմ Բակո Սահակյանով, Արայիկ Հարությունյանով, Պարգև սրբազանով, արցախահայությունով ընդհանրապես: Միշտ էլ ուժ եմ հավաքել Արցախից, անգամ հիմա, երբ հակառակը, կարծես, գնացել էի ուժ տալու, նաև մեր փառահեղ ուսանողության ջանքերով ու նվիրվածությամբ հավաքված մեկ բեռնատար օգնությունը առաջնագծում մեր ավագ ու կրտսեր եղբայրներին հասցնելու: Արցախում հանգիստ են ու վստահ. առաջին հերթին սեփական ուժերի հանդեպ:
Կյանքում շատ բան եմ տեսել, բայց ցնցված եղել եմ, թերևս, երկու անգամ. մեկ 1992-ի օգօստոսին, երբ Վազգենի կոչով մեկ օրում 500 մահապարտ հավաքագրվեց, մեկ էլ հիմա՝ երբ մի ողջ ժողովուրդ մահապարտի ոգով էր տոգորված, մահապարտի՝ ո՛չ մահի դատապարտվածի, այլ հակառակը՝ հանուն կյանքի և ազատության մահին պատրաստ լինելու իմաստով:
Բայց միայն հրճվելը կամ ցնցվելը քիչ է. հակառակորդի զինատեսակների բազմազանության, քանակի և որակի գծով առավելությունը ԱՆՀԱՊԱՂ վերացնել է պետք, և այստեղ կրկին՝ ինչպես և 90-ականների սկզբին, ամբողջ հայության ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԿԱՐԻՔԸ ԿԱ: Հարցի գինը շատ չէ. ընդամենը մի կես-միլիարդ է, Ազատ Արցախի Ոգու հետ համեմատած՝ գրեթե ոչինչ ու պետք չէ այսօր մեկս մյուսիս գրպանին նայենք, կամ ցուցանենք, իրար նկատմամբ բոլոր հնարավոր դժգոհություններին կանդրադառնանք Հայրենիքի ազատությունը ազգովի երաշխավորելուց հետո»: