Նոր ԸՕ-ի շուրջ քննարկումները վերսկսվում են. Ինչպե՞ս պահպանել համախմբման մթնոլորտը
Այսօր ժամը 16:00-ին Ազգային ժողովում կվերսկսվեն Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ձևաչափով քննարկումները: Դրանց, հիշեցնենք, մասնակցում են իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության չորսական ներկայացուցիչներ:
168.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, թե դեռ շա՞տ հարցեր կան քննարկելու:
«Ընդհանուր կոմպրոմիսի գալու հարցեր դեռ կան»,- ասաց նա` մասնավորեցնելով, որ աշխատանքներ կան դիտորդների թվաքանակի, ցուցակների հրապարակման, էլեկտրոնային գրանցման անվտանգության հետ կապված, և այլն:
Սակայն, Մ.Մելքումյանի կարծիքով, ամեն ինչ պետք է ստորադասել, և այսօր առաջնայինը ղարաբաղյան հարցն է. «Մյուս հարցերն այս կամ այն կերպ կտեղավորվեն քննակումների փուլի մեջ: Հիմա համախմբման մթնոլորտն այնպիսին է, որ և´ իշխանությունը, և´ ընդդիմությունը, և´ հասարակությունը պետք է գտնեն այդ մթնոլորտը պահելու մեխանիզմները, որպեսզի այս մթնոլորտը բարերար ազդեցություն ունենա ընտրական, սոցիալ-տնտեսական մյուս բոլոր ոլորտների վրա: Պայման պետք է ստեղծել, որ համազգային կոնսենսուսը մյուս բնագավառներում լինի, որի արդյունքում մենք կունենանք հզոր երկիր»: