Զոհված ենթասպա Գագիկ Մելքոնյանի ընտանիքը կարիքի մեջ է
«Մինչև հիմա երեխաներն ապրում էին իրենց մոր հետ: Իրենց մաման երկու ամիս առաջ է մահացել, մոր քառասունքը նոր է լրացել, և կորցրին իրենց ավագ եղբորը, որը միակ կերակրողն էր: Իրենց մաման ինստուլտ տարավ, որից հետո թևերն ու ոտքերը թուլացավ: Էս երեխեքն ինչ ունեին-չունեին (անասուններ, հավ, կարտոֆիլի սերմացու) վաճառեցին, որ մորը փրկեին, էլի չկարողացան, մայրը մահացավ:
Մոր մահանալուց հետո տղան գնաց Ղարաբաղ, ժամկետը լրացել էր, որ պետք է գար, պատերազմը սկսվեց, երեխեն մնաց այնտեղ: Իր 18 հոգուն ասել էր, որ հետ գնան, ինքը ուժեղ դիպուկահար էր, ասել էր, որ կպայքարի դրանց դեմ: Տեսան, որ չեն կարողանում իր դեմ, ռումբ գցեցին, երեխեն ոտքից գլուխ տրաքել էր: Նահատակվեց, Ղարաբաղի նախագահի կողմից էլ «Արիության մեդալ» տվեցին: Մեր շրջանի ղեկավարների կողմից թաղումը կազմակերպվեց: Իսկ հիմա քույրն ու եղբայրը ծանր վիճակում են»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հայրենիքի պաշտպանության համար նահատակված Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, ենթասպա Գագիկ Մելքոնյանի մորաքույրը՝ 64-ամյա Նադյա Սերոբյանը, ում գյուղում Անահիտ անունով են դիմում:
Հանուն հայրենիքի նահատակված Գագիկ Մելքոնյանի քույրը՝ Ալիսա Մելքոնյանը 34 տարեկան է, եղբայրը՝ Սամվել Մելքոնյանը՝ 29: Երկուսն էլ աշխատանք չունեն, ապրում են հայրական տանը, որը մորաքրոջ խոսքով՝ անմխիթար վիճակում է. «Մի տեղ դուռ չկա, մի տեղ՝ լուսամուտ, մի տեղ ցելոֆան է խփած: Տան մեջ ոչինչ չունեն, որ մտածեն՝ էսինչ բանը կարող ենք օգտագործել, որ ապրենք»:
«Սամվելը անչափահաս տարիքից ծանր գործեր արեց, երկու ոտքը տրոմբ եղավ. վիրահատության գումար չունեն, որ վիրահատեն: Իրենք հույս ունին՝ կարտոֆիլ ցանեն, դա վաճառեն, բայց իրենց կարտոֆիլի սերմն էլ ծախել են, որ մորը փրկեն: Մի կոպեկ չունեն, որ այսօր սոված լինեն, գնան մի բան առնեն՝ ուտեն»,-ասաց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ՊՆ-ից օգնել են. «Ես բան չունեմ ասելու, այդ մի քանի կոպեկն էլ պարտքերը տվեցին: Իրենք վարկ ունեին 200 հազար դրամի չափով, ու հուսով ենք՝ դրանք չեղարկվել են: Միակ կերակրող աշխատողը Գագիկն էր, նա էլ որ մահացավ, մնացին: Գագիկի աշխատավարձի քարտն էլ է կորել, մենք չգիտենք՝ իր գրպանո՞ւմ է եղել, թե՞ որտեղ: Այս օրերին Գագիկին պետք է աշխատավարձ տային, հիմա քարտն էլ չկա, որ գնան գոնե այդ հասանելիքը ստանան»:
Եթե դուք ցանկանում եք գումար փոխանցել Գագիկ Մելքոնյանի ընտանիքին, ապա հաշվեհամարը հետևյալն է.
Յունիբանկ, Մարտունիի մասնաճյուղ р\с 24117100778400,
ստացող` Նադյա Սերոբյան (զոհվածի մորաքույրն է):
Եթե փոխանցումը կատարվում է արտերկրից. SWIF UNIJAM22
Գագիկ Մելքոնյանի բարեկամների կոնտակտային հեռախոսահամարն է+37494043690:
Կարող եք փոխանցումներ կատարել նաև հետևյալ հաշվեհամարով՝
Գեղարքունիքի մարզ Ք. Մարտունի ՎՏԲ բանկ Մելքոնյան Ալիսա
Դրամ 16027032417300
Դոլար 16027032417301
Եվրո16027032417302
Ռուբլի 16027032417303
Գագիկ Մելքոնյանի քույր Ալիսա՝ 094 69 12 03
Լուսանկարները՝ usarmenianews.com-ի