Այդ կառույցը հեղինակազրկվում է. ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ ՀԱՊԿ-ի մասին
Ռուսական 200 մլն դոլար վարկով սպառազինությունների գնման գործընթացն ընթացքի մեջ է: Այսօր այս մասին ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ռուսական զենքի վաճառքի մասին նա նշեց, որ միևնույն է, Ադրբեջանը պետք է ձեռք բերի զենք, եթե ոչ ՌԴ-ից, ապա Իսրայելից, Պակիստանից. «Մենք դատապարտում ենք մեր ռազմավարական գործընկերոջը, որ զենք չպետք է վաճառվի: Բայց եթե կա գումարը, որով մեր թշնամին պետք է զենք գնի, Ռուսաստանից չգնի, պետք է գնի այլ երկրներից, ամբողջ աշխարհը զբաղվում է զենքի վաճառքով»:
Ըստ նրա` թեև ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, բաց Ադրբեջանի հետ էլ թշնամիներ չեն: Նա նշեց, որ տեխնիկայի համեմատությունը մեր օգտին չի եղել, բայց կան տեխնիկական միջոցներ և, նկատի ունենալով, թե ինչպիսի հակռակորդ ունենք, պետք է վերանայել մարտավարությունը:
Վ.Բաղդասարյանը շեշտեց, որ մենք պետք է մեր բանակը հզորացնենք և հույս չդնենք այլոց վրա. «Մենք չենք ունեցել ձախողումներ, մենք այս պահին էլ հաղթանակած ենք` մեր ժողովրդի միասնության շնորհիվ»:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի անգործությանը` Վ.Բաղդասարյանը նշեց, որ այդ կառույցը հեղինակազրկվում է, մեր սպասելիքները չիրակացան, և «այս պայմաններում մենք չենք կարող նրանց որպես հովանավորի անվանակոչել»:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցի արդյունքների մասին ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, թե իրեն այդքան հետաքրքիր չեն հայտարարությունները, որքան հետաքրքիր են գործողությունները: Նա համբերատարության կոչ արեց:
Վ.Բաղդասարյանը նշեց, որ այսօր փաստահավաք խմբերը բավականին լուրջ աշխատանք են տանում և, երբ նրանք կհամոզվեն փաստերի մեջ, միջագային արձագանքները լիովին այլ կլինեն: