«Մենք կողմ ենք, ոչ ոք երբեք դեմ չի եղել խաղաղապահներին». Լևոն Զուրաբյան
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում խաղաղապահների տեղակայման թեման միշտ է եղել, լուրջ մարմնավորում ստացել է 1994 թ. ԵԱՀԿ գագաթնաժողովում, երբ ստեղծվեց հատուկ առաքելություն, որի նպատակն էր բազմազգ խաղաղապահ զորքերի ստեղծումը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա` հակամարտության կարգավորման բոլոր տարբերակներով պետք է ստեղծվեր բուֆերային գոտի, որտեղ պետք է տեղակայվեին ԵԱՀԿ կողմից ստեղծվող խաղաղապահ բազմազգ զորքերը: Լ.Զուրաբյանի խոսքով` վեճեր եղել են, թե խաղաղապահների կազմում որքան պետք է լինեն ռուսական զորքերը, որքան եվրոպականը և այլն, բայց դրանք ոչնչով չեն ավարտվել:
«Մենք կողմ ենք, ոչ ոք երբեք դեմ չի եղել խաղաղապահներին: Դա երաշխիք է գործողությունների չվերսկսման համար»,- ասաց Լ.Զուրաբյանը:
Նա հայտարարեց, որ խաղաղապահ զորքերի մաս չի կարող կազմել Թուրքիան, քանի որ հակամարտության կողմ է, բացահայտ աջակցում է Ադրբեջանին, և նրա թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ պետք է բացառեին նրա ոչ միայն մասնակցությունը բանակցություններին, այլև խաղաղապահ զորքերին:
Լևոն Զուրաբյանը հրաժարվեց անդրադառնալ Երևանում նախատեսված ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստը հետաձգելու և Մոսկվա տեղափոխելու փաստին:
«Սա մի իրավիճակ է, որը կապված է այն դիվանագիտական գործընթացների հետ, որ զուգակցում են ռազմական գործողությունները: Ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում դրա ամբողջ մենեջմենթը դրված է իշխանությունների վրա, և մենք որևէ մեկնաբանություն չենք ցանկանում անել` ո´չ քննադատելով իշխանություններին, ո´չ էլ այլ մեկնաբանություն տալ: Այսօր իշխանությունն անում է այն, ինչ նպատակահարմար է համարում»,- ասաց Լ.Զուրաբյանը: