Հողին հանձնվեց նաև զոհված ազատամարտիկ Էդուարդ Ալեքսանյանի դին
vorotan.am-ը գրում է. Սիսիանի քաղաքային պանթեոնում այսօր հողին հանձնվեց նաև Մարտակերտի տարածքում անօդաչու թռչող սարքի գնդակոծությունից զոհված Սիսիանի ԵԿՄ անդամ, մայոր Էդուարդ Յուրիկի Ալեքսանյանի դին:
Դամբանական խոսքում Վարոս Սիմոնյանը նշեց, որ իր 6 նահատակ ընկերների նման Էդուարդն էլ անսաց հայրենիքի կանչին եւ վեց տասնամյակը բոլորած ազնվական այրը մեկ վայրկյան անգամ չվարանեց վերստին միանալ հայրենիքի ազատագրման եւ պաշտպանության սուրբ գործին` քաջ գիտակցելով Մահ իմացյալի մշտաշեջ խորհուրդը:
Ապա դիմելով նահատակի ընտանքի անդամներին, հարազատներին` հորդորեց սրբել արցունքները աչքերից եւ հայրենի հողին հպարտորեն հանձնել հայրենիքի նվիրյալ նահատակին, ով գնում է հավերժություն, գնում է միանալու ընդամենը երեկ մայր հողին հանձնված իրեն կանչող արծիվների երամին:DSC03833
Հուղարկավորության ժամանակ հնչեցվեց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ցավակցական խոսքը, որտեղ մասնավորաբար նշված էր.
«Եռասերունդ երկրահապ կամավորների միության հանրապետության բոլոր երկրապահների 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Էդուարդ Յուրիկի Ալեքսանյանի զոհվելու կապակցությամբ: Էդուարդ Ալեքսանյանը հայրենիքի նվիրյալ զավակն էր, երկրապահ, որ ողջ կյանքը նվիրեց ազգին, պետությանն ու անժամանակ զոհվեց մարտական առաջնագծում: Նրա հերոսական կյանքը օրինակ է սերունդների համար: Այսպիսի քաջերի օրինակով ենք մենք կրթում-դաստիարակում պատանի եւ երիտասարդ երկրապահներին: Խորին խոնարհումով եւ հարգանքով` գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան»:
Ապա զիվորական համազարկերի, հոգեւոր աղոթքի, զինվորական պատիվների ուղեկցությամբ մայր հողին հանձնվեց քաջ հայորդու դին…
…Ու որքա~ն հարստացավ հող-հայրենին` իր գրկի մեջ առնելով նորօրյա մարտիրոսներին…
…Ու որքա~ն հզորացավ երկիրը հայոց` նրանց անխառն ու անդավաճան նվիրումից…
Փառք քեզ` մայոր Էդուարդ Ալեքսանյան:
Հիշատակը հզորաց օրհնությամբ եղիցի…