Բաժիններ՝

Այսօր վերջին հրաժեշտը տվեցին հակառակորդի անօդաչու ուղղաթիռի գնդակոծությունից զոհված Դավիթ Սարգսյանին

vorotan.am-ը գրում է. Շաղատ գյուղի պանթեոնում ավելացավ եւս մեկ հողաթումբ` Դավիթ Բագրատի Սարգսյանի շիրմաթումբը:

Իր մարտական ընկերների հետ Դավիթ Սարգսյանը ապրիլի 3-ին մեկնել էր Արցախ` պաշտպանելու երկրի սահմանները, սակայն ապրիլի 4-ին խոցվել էր Մարտակերտի տարածքում` թշնամու անօդաչու ուղղաթիռի գնդակոծությունից:

Նրա աճյունն ամփոփվեց հարազատ գյուղի` Շաղատի` արցախյան հերոսամարտում զոհվածների պանթեոնում, զինվորական կարգով: Ամբողջ գյուղը սգում էր: Վերջին հրաժեշտ տալու էին եկել ոչ միայն համագյուղացիները, այլև հարևան համայնքներից ու մարզերից ժամանած սգակիցներ: Համատարած խտացած տխրություն էր: Անասելի ցավ, ափսոսանք, բայց` հպարտության զգացումն էր թեւածում ողջ համայքնում` ամեն ազատամարտիկի, յուրաքանչյուր հայ զինվորի համար:

– Դավիթ Սարգսյանը կիսատ գործ ուներ և առանց երկմտելու որոշեց ու մեկնեց,- նշում են համագյուղացիները:

Հերոսի հուղարկավորությանը ներկա էին նաև գյուղի երիտասարդները, ովքեր քաջ գիտակցում են, որ պատերազմն ավարտված չէ, իսկ հրադադարը դեռևս խաղաղություն չէ: Պատասխանատվություն են կրում և պատրաստ են հարկ եղած դեպքում ավարտին հասցնել նահատակված հերոսների կիսատ թողած գործը, հասկանում են նաեւ, որ հերոսների թափած արյունը անտեղի չի լինի…

Հավերժ փառք մերօրյա անմահ հերոսներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս