Հայկական կողմն առաջարկել է, որպեսզի ԼՂ ներկայացուցիչը ևս մասնակցի կրակի դադարեցման համաձայնագրի կայացմանը
«Նույն մասշտաբով, ինչ ապրիլի 1-ից հետո, երևույթներ չկան, կան մասնակի երևույթներ, այս գիշեր Թալիշի շրջանում մեկ զոհ թողնելով՝ նորից ետ են շպրտվել, Վարդենիսում նորից անհանգստություններ են եղել, բայց ոչ մասսայական: Սա այն մասշտաբի չէ, որ կարող է անհանգստություններ պատճառել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության համաձան, հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը, ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը:
Վ.Բաղդասարյանը նշեց, որ չեն վստահում թշնամուն, նրանք անկանխատեսելի են, և ինչպիսի զինադադար էլ լինի, միշտ պետք է պատրաստ լինենք հակահարձակման: Հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայում հայտարարել է, որ հայկական կողմը կռվում է 80-ականների զենքերով, ինչո՞ւ է այդպես, Վ.Բաղդասարյանը չցանկացավ պատասխանել: Դիտարկմանը, որ ՀՀ իշխանություններն ունեն բազմաթիվ միջոցներ, որ կարելի էր ուղղել սպառազինությունների ձեռքբերմանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ, եթե կարողանում ենք 80-ականների զենքով հակահարված տալ նրանց զինանոցին, ուրեմն մեր ոգին ավելի բարձր է, քան նրանց զինանոցը:
Հարցին էլ` ինչո՞ւ են Ոստիկանությունը զինում տեխնիկայի վերջին խոսքով, իսկ բանակին՝ ոչ, Վ.Բաղդասարյանը հակադարձեց. «Դուք նկատե՞լ եք որևէ բան, որ մենք զենքի պակասի պատճառով որևէ տարածք զիջենք, և խնդիր ունենք: Այսօր փաստ է, որ կարողանում ենք մեր խնդիրները լուծել և համապատասխան հակահարված տալ»:
168.am-ի հարցին` ի՞նչ է արվում, որ Ղարաբաղը դառնա բանակցությունների կողմ, Վ.Բաղդասարյան պատասխանեց, թե միջազգային հանրության առաջ բոլոր ուժերը ներդրել են, որ բանակցություններին մասնակցի նաև Ղարաբաղի կողմը: Ի պատասխան մեր հարցին, թե ռուսական կողմին առաջարկվե՞լ է, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ նաև ԼՂ ներկայացուցիչը մասնակցի բանակցությունների, Վ.Բաղդասարյանը նշեց, թե, բնականաբար, այդ առաջարկություններն արվել են: Մեր դիտարկմանը, որ փաստորեն այն մերժվել է, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ոչ նման բան չի եղել, բանակցությունների փուլում է»: