
Վրաստանը «հուսադրող» է անվանել Ղարաբաղի մասին Քերիի և Լավրովի հեռախոսազրույցը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին «հուսադրող» է անվանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի զրույցը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ նախօրեին Լավրովն ու Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակը ու կոչ արել կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
«Մենք հույս ունենք, որ բանակցությունների գործընթացը, որը ընթանում է եվրոպական երկրների տարբեր մայրաքաղաքներում, հաջողությամբ կավարտվի: ԱՄՆ պետքարտուղարի և Ռուսաստանի արտգործնախարարի խոսակցության մասին տարածված տեղեկատվությունը նույնպես հուսադրող է եղել: Բոլորին է հայտնի, որ հենց նման ձևաչափով ու նման երկխոսության ժամանակ կա հնարավորություն՝ գտնել ոսկե ելք, որը կապահովի կայունություն»,- հայտարարել է Խիդաշելին լրագրողներին:
Նրա խոսքով՝ «Վրաստանի գլխավոր խնդիրն ամեն ինչ անելն է տարածաշրջանում կայունության համար»:
«Այդ պատճառով մենք դիմել ենք միջազգային հանրությանը, որպեսզի միջոցառումներ ձեռնարկենք առաջին հերթին կրակի դադարեցման համար: Դա ցանկացած բանակցությունների գլխավոր խնդիրն է»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը: