ՌԴ-ն դեմ է Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ձևաչափի փոփոխությանը. Լուկաշևիչ

Ռուսաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ձևաչափի փոփոխությանը և հակաարդյունավետ է համարում նրանց դերը խափանելու փորձերը: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը կազմակերպության մշտական խորհրդի նիստում:

Նա ընդգծել է, որ «եռյակի» ձևաչափը, որի դերն ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ-ի որոշումներով, գործուն է և խմբագրման կարիք չունի:

«Հակաարդյունավետ ենք համարում փորձերը՝ խափանել համանախագահների դերը և նրանց անելիքները, ինչը կարող է միայն դժվարացնել կարգավորման առանց այդ էլ դժվարին գործընթացները»,- հավելել է ռուս դիվանագետը:

«Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օգնությունը փոխզիջումային որոշման վերաբերյալ պահանջված է, իսկ այդ միջնորդական ջանքերի արդյունավետությունը կախված է, առաջին հերթին, հենց հակամարտող կողմերից, նրանց քաղաքական կամքից, որն անհրաժեշտ է բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեռքբերման համար»,- կարծում է Լուկաշևիչը:

Նա ընդգծել է, որ «ուժի կիրառումը ցանկացած դեպքում չի կարող այլընտրանք լինել խաղաղ երկխոսությանը»:

Տեսանյութեր

Լրահոս