Միջազգային հանրության անհասցե հայտարարությունները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը շարունակելու համար. Մասիս Մայիլյան

«Այս պահին` ապրիլի 3-ի երեկոյան, իրադրությունը սահմանին մնում է լարված: Ռազմական գործողությունները շարունակվում են ինչպես հարավային, այնպես էլ հյուսիս-արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Հակառակորդը կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի էական կորուստներ է կրում:

Մեր զինծառայողների, Արցախի և Հայաստանի կամավորների, ինչպես նաև ողջ ժողովրդի մարտական ոգին բավականին բարձր է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը` գնահատելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

Հարցին, թե միջազգային կառույցների, տարբեր երկրների նախագահների կոչերին Ադրբեջանը պատասխանեց միայն միակողմանի կեղծ հրադադարարի մասին հայտարարությամբ, արդյոք միջազգային հանրության կոչերը նշանակություն և զսպող դեր չունե՞ն, Մ.Մայիլյանը պատասխանեց, որ այսօր ցերեկը պաշտոնական Բաքուն հայտարարություն հրապարակեց կրակը միակողմանի դադարեցնելու մասին` ի պատասխան միջազգային կառույցների կոչերին, սակայն իրականում ադրբեջանական կողմից հրետակոծությունը չի դադարել:

Ըստ նրա` ադրբեջանական ղեկավարությունն առաջին անգամ չէ անտեսում զինադադարի պահպանման վերաբերյալ միջազգային հանրության կոչերը, բանը հասել է նրան, որ ԵԱՀԿ-ի միջազգային միջնորդներն իրենք 2015թ. հոկտեմբերի 27-ին ընկան ադրբեջանական հրետակոծության տակ, երբ ԼՂՀ և Ադրբեջանի սահմանին դիտարկում էին հրադադարի ռեժիմի պահպանումը:

«Միջազգային հանրության արձագանքը օպերատիվ և ակտիվ է: Սակայն, ցավոք, արված հայտարարությունները մեծամասամբ անհասցե են: Ադրբեջանի իշխանությունները չեն պահպանում հրադադարի պայմանագիրը և չեն կատարում ստանձնած միջազգային պարտավորությունները: Անհասցե հայտարարությունները պայմաններ են ստեղծում, որպեսզի Ադրբեջանը շարունակի իր ապակառուցողական քաղաքականությունը, որը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»,- ասաց Մ.Մայիլյանը:

Տեսանյութեր

Լրահոս