Բաժիններ՝

«Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին եղել է դրական». Վաչե Գաբրիելյան

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը դրական է գնահատում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: «Մենք վերլուծել ենք Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության առաջին վեց ամիսների տնտեսական ցուցանիշները, որը զետեղված է նախարարության կայքում: Այնտեղ կա նաև ողջ տարվա կարճ ամփոփումը: Այդ վերլուծության մեջ տարանջատվում են Ռուսաստանի տնտեսական զարգացումները ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններից, քանի որ, ամեն դեպքում, լինելով միության անդամ, թե ոչ, ՌԴ-ի տնտեսական իրավիճակի ազդեցությունը նկատելի է շրջապատի բոլոր երկրների վրա, այդ թվում` Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և այլ: Այս տեսանկյունից մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի անդամակցությունը եղել է դրական»,- ասաց նա:

Ավելին՝ Վաչե Գաբրիելյանի գնահատմամբ՝ իրավիճակը կարող էր ավելի վատ էր լինել, եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո հեշտացել է գործարարների ու հայկական ապրանքների մուտքը ռուսական, ինչպես նաև եվրասիական շուկա:

Ըստ նրա՝ նաև հեշտացվել է ապրանքների տեղափոխումը, նոր մաքսային ռեժիմներ են հաստատվել:

«Երկրորդը կարելի է նշել արտահանման մասին, որ ընդհանուր առմամբ` ապրանքների բազմազանեցման համատեքստում ունեցել ենք զարգացում: Բացի այդ` էապես կարգավորվել է աշխատուժի ներհոսքն ու արտահոսքը, որը ևս հնարավորություն է տվել է ականորեն մեղմել այն սոցիալական հետևանքները, որոնք Ռուսաստանի տնտեսական իրավիճակով պայմանավորված` տրանսֆերտների նվազումով, առկա են եղել Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և այլուր»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

Միասնական արժույթի ձևավորման առումով էլ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ որևէ գործընթաց չի իրականանում: «Այս պահին արժույթի ձևավորման քայլեր չեն արվում, ընդամենը կոորդինացման քննարկումներ կան: Բանկային ընդհանուր ռեգուլյատորի ստեղծման հարց չի քննարկվում, այլ կան քաղաքականությունների կոորդինացման շուրջ քննարկումներ»,- հայտարարեց նա:

Իսկ ինչ վերաբերում է ինտեգրացիոն գործընթացում անդամ-երկրների մոտեցումների միասնականացմանը, ապա Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ընթանում են բնականոն աշխատանքներ, որոնք բնորոշ են բոլոր միություններին: Ըստ նրա` դրանք տարիների աշխատանք են ենթադրում: «Ցանկացած միջազգային միավորման`լինի Եվրասիական տնտեսական միությունը, Եվրամիությունը, մոտեցումների միասնականացումը տևում է տարիներ, տասնամյակներ: Հիմա էլ Հայաստանը ԵԱՏՄ իր գործընկերների հետ քննարկումներ է իրականացնում, որի արդյունքում մենք կամաց-կամաց գնում ենք առավել ինտեգրացման ճանապարհո վ»,-ընդգծեց Վաչե Գաբրիելյանը: Նա նկատեց, որ տեխնիկական կանոնակարգերի հստակեցումներն առավել երկարատև աշխատանք են ենթադրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս