«Մեր տնտեսությունը մեծապես աշխատում է թուրքական տնտեսության զարգացման համար». ՀՀԿ-ական պատգամավոր
ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանի ախոյան դերակատարներն են. «Իրենց ազդեցությունը փորձում են ամրապնդել, ու հակամարտություններն անխուսափելի են։ Նրանց համագործակցության բոլորր փորձերը տապալվում, են որովհետև արմատական անհամատեղություն կա։ Փորձեր են արվել հեղափոխական մոտեցումներ ձևավորելու, այդ հակամարտությանը վերջ տալու, բայց դրանք անարդյունավետ պետք է համարել։ Նույնը վերաբերում է Թուրքիա-Եվրոպա հարաբերություններին»։
Նա նշեց, որ Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի կողմից սահմանվող պատժամիջոցները համարում է անիմաստ. «Բայց սանկցիաներ թուրքական ապրանքների նկատմամբ, որոնք մեր շուկան հեղեղել են, և ըստ էության, մեր տնտեսությունը մեծապես աշխատում է թուրքական տնտեսության զարգացման համար, մենք, իհարկե, դրա դեմ շատ վաղուց, կտրականապես ու որոշակիորեն պետք է պայքարեինք: Թշնամի համարվող երկրի հետ մենք առևտուր ենք անում, հանուն ինչի՞. հանուն նրա տնտեսության զարգացմա՞ն, թե՞ թուրքական ապրանքն այդքան անփոխարինելի է: Այո, ես կողմնակից եմ թուրքական ապրանքների դեմ սանկցիաների որոշակիացմանը»:
Նա նշեց, որ այլընտրանք ունենք. «Ո՞վ է ասել, որ ապրանքները միայն Թուրքիայում են արտադրվում: Շատ երկրներ կան: Առաջին հերթին՝ պետք է զագացնենք սեփական արտադրությունը, ինչին խոչընդոտում է թուրքական ապրանքների առկայությունը, ազատ թափանցումը հայկական շուկա: Իսկ այլ երկրներից ապրանք բերելու դեպքում ընդամենը կարող է գումարվել տրանսպորտային ծախսը, որը այդքան մեծ չէ հիմա»: