«Ներողություն արտահայտությանս համար՝ հո զուգարա՞ն չի մտնում, մտնում է քվեարկության». Վիգեն Խաչատրյանը՝ Սուքիաս Ավետիսյանին
ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօրվա ասուլիսին նշեց, որ Ընտրական օրենսգիրքը` որպես սահմանադրական օրենք, բխում է Սահմանադրությունից և, ըստ նրա, Սահմանադրության պահանջը՝ համամասնական ընտրակարգին անցնելու, պետք է բերեր ԸՕ փոփոխությանը. «Փոփոխության նախագիծը կա ու քննարկումների փուլում է։ Հաջորդ քառօրյային այն կմտնի ԱԺ ու կսկսվեն քննարկումները։ Ինձ համար մինչ օրս անհայտ է, թե ընդդիմությունն ովքեր են ու ինչպես են ներկայացնելու իրենց առաջարկները, որովհետև մեկն առաջարկում է մի ձևաչափ, մյուսներն ասում են` իշխանությանը նվեր է այդ ձևաչափը։ Այսինքն` ուզում ենք հասկանալ, թե ընդդիմությունն ինչ կետերի շուրջ է ուզում բանակցել և ովքեր են այդ բանակցողները»։ Նրա խոսքով`գրավոր հստակ առաջարկություններ ընդդիմության կողմից քիչ են արվում. «Բոլորը միայն բանավոր են ասում»։
Նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը համաձայն էր Ավետիսյանի հետ, որ ԸՕ նոր նախագիծը բխում է նոր Սահմանադրությունից: Ըստ նրա՝ դրա ոգին այն է, թե ինչպես անենք, որ ՀՀԿ- ն չկորցնի իր իշխանությունը. «ՀՀԿ նախաձեռնությունը՝ անցնել խորհրդարանական համակարգի, հետևյալն է` պահպանել իշխանությունը։ Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ իշխանությունները համոզված են, որ իրենց փոխարինող չկա ու վստահ են, որ չի էլ լինելու։ Քանի որ վստահություն չկա, որ օրինական ճանապարհով պահպանեն իշխանությունը, ուզում են այնպես անել, որ կեղծիքները չերևան: Ընդդիմության պահանջը՝ հրապարակեք ցուցակները, ճիշտ է։ Ի՞նչ է նշանակում՝ ցուցակները թաքցնել հանրությունից։ Ճիշտն այն է, որ վստահություն ներշնչվի, որ չի կեղծվել, իսկ ամենամեծ կեղծիքը թույլ է տրվում հենց ցուցակների միջոցով»:
Ցուցակների հրապարակելու մասով ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Հաջորդ օրը թող բոլոր տեղամասերում ունենան իրենց մարդիկ, թող նրանք գնան ցուցակները պահանջեն, ուսումնասիրեն, ո՞վ է իրենց դա արգելում»:
Իսկ ընտրական տեղամասերից օնլայն հեռարձակման վերաբերյալ առաջարկներին անդրադառնալով՝ նա նշեց՝ իր համար անհասկանալի է, որ ինչ որ մեկը տանը նստած` կարող է տեսնել, թե իր ընտանիքի անդամներից ովքեր են գնում ընտրության. «Մենք այսօր միգուցե գնանք այն տարբերակին, որ բոլոր ընտրական տեղամասերում տեսախցիկներ դնենք, բայց օնլայն ռեժիմով հեռարձակելուն դեմ ենք։ Մարդը մտնում է ու չի մտածում, որ իրեն նկարահանում են, ինչի՞ եք նկարահանում»:
Խաչատրյանն ասյպես արձագանքեց. «Ներողություն արտահայտությանս համար՝ հո զուգարա՞ն չի մտնում, մտնում է քվեարկության»: