«Մենք չենք ուզում ֆինանսական օգնություն, ուզում ենք արդարացի մոտեցում». Սերգեյ Ստեփանյան

«Թռչնաբուծության ոլորտի խնդիրները սկսվել են դեռ նախորդ տարվանից, երբ շուկա սկսեցին մտնել նաև ԵՏՄ երկրները (հիմնականում՝ Ռուսաստանն ու Բելառուսը)՝ ավելի էժան թռչնամթերքով, որի հետևանքով մրցակցությունը խստացավ, և մեր որոշ ընկերություններ չկարողացան դիմակայել, ինքնարժեքով աշխատել ու ժամանակավորապես փակվեցին: Հիմա կարծես թե վիճակը գնալով կարգավորվում է: Փետրվար-մարտ ամիսներին արդեն Բաղրամյանի թռչնաֆաբրիկան բացվեց, մի երկու միջին չափի ֆաբրիկաներ էլ կան, դրանք էլ կսկսեն աշխատել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը՝ հավելելով, որ խնդիրը հիմնականում ինքնարժեքի հետ է կապված:

«Ինքնարժեքի 50 տոկոսը կերն է, որը լրիվ ներկրում ենք դրսից, հիմնականում՝ Ռուսաստանից և Ուկրաինայից, որտեղ մեկ կիլոգրամ կերը մոտ 110-120 դրամ էժան է, դա լուրջ տարբերություն է»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ թռչնամսի ներկրման արգելքը պատճառ չի դառնա թռչնամսի թանկացման: Իր ասածն ապացուցելու համար նա հետևյալ օրինակը բերեց. «Երբ ձուն էինք ուզում ինքնաբավ սարքել, մենք արտադրեինք, նույն բանն էին ասում, բայց հետո արտադրողներն ապացուցեցին, որ տեղական արտադրողը երբեք չի ձգտում գինը բարձրացնել: Բացի այդ՝ 2014թ. օգոստոսից մինչև 2016թ. փետրվար ամիսը թռչնամսի գինը չի բարձրացել, այսինքն՝ միակ ոլորտն է, որտեղ գնաճ չի գրանցվել: 2015թ. մի քանի ամիս նույնիսկ ինքնարժեքով է վաճառվել թռչնամիսը: Արտադրողի համար ավելի լավ է, որ նա շատ արտադրի, քան թե գին բարձրացնի»:

Սերգեյ Ստեփանյանը նկատեց՝ ԵՏՄ-ի կազմում ընդգրկվելիս մեզ միշտ ասում էին, որ 160 միլիոնանոց շուկա է, մենք կարող ենք արտահանել, բայց նշում է, որ սկզբից էլ գիտեր, որ շատ շուտ է դրա մասին մտածել.

«ԵՏՄ այն երկրները, որոնք թռչնի մսի արտադրությամբ են զբաղվում, պետական աջակցություն են ստանում՝ սուբսիդավորման տեսքով: Եթե սուբսիդավորվում է ֆուրաժը (1 տոննա), նշանակում է՝ կերն էժանացավ, եթե սուբսիդավորվում է 1 օրական տոհմային ճուտ արտադրողը, նշանակում է՝ 1 ճտի գինն էժանացավ: Մեզ մոտ դա չի արվում: Մենք այսօր մի ճուտն Իրանից գնում ենք 300-320 դրամով: Մի քանի տարի առաջ տոհմային տնտեսություն ունեինք, և արտադրվում էր 160 դրամով, այսինքն՝ մենք արդեն 160 դրամ լրացուցիչ ծախս ենք անում՝ դրսից ներկրելու ժամանակ: Այս երկու կոմպոնենտները՝ ճուտը և կերը, որոնք կազմում են մեր ամբողջ ինքնարժեքի 70 տոկոսը, արդեն թանկացնում են մեր թռչնամիսը, բայց մեր թռչնամիսը մյուսների նկատմամբ ունի իր որակական առավելությունը՝ մեր կերը բացարձակապես չի հարստացվում ո՛չ հակաբիոտիկներով, ոչ էլ՝ խթանիչներով, դրան գումարած՝ ապրանքային տեսքը հասցրել ենք արդեն ստանդարտի»:

Թռչնաբույծների միության նախագահը համոզված է՝ ոլորտը կարգավորելու համար տեղի արտադրողներին պետք է առավելություններ տրվեն որոշ հարցերում, պետք է լինի պետական աջակցություն. «Պետության կողմից պետք է ոչ այնքան ֆինանսական աջակցություն, որքան աջակցել հավասար մրցակցային դաշտում գործելու համար: Հատկապես ներկրման բազան պետք է հավասարեցնել մեր տեղական բազայի հետ: Եթե ինքնարժեքը 1050 դրամով ենք արտադրում ու հարկվում ենք 1050 դրամից, ապա ներկրողները հարկվում են 570 դրամից: Այստեղ պարտադիր չէ, որ դու ֆինանսապես աջակցես, պարտադիրն այն է, որ կարողանաս ներկրման առավելությունները վերացնել, հավասար դաշտ ստեղծել: Տեղական արտադրողի պաշտպանվածությունն իրավական, հարկային, մաքսային դաշտերում հարկավոր է լրիվ պաշտպանել: Մեզ շրջապատող բոլոր երկրներում և ԵՏՄ երկրներում դրսից ներկվող տոհմային նյութը, որը մեզ համար համարվում է ինկուբացիոն ձուն և 1 օրական ճուտը, իրենց երկրներ ներկրվում է զրոյական դրույքաչափով, միայն մեզ մոտ է, որ զրոյականով չի ներկրվում: Այսինքն՝ մենք լրիվ անհավասար վիճակում ենք: Մենք չենք ուզում ֆինանսական օգնություն, այլ ուզում ենք արդարացի մոտեցում: Դա որ լինի, մենք մնացածը կանենք»:

 

Տեսանյութեր

Լրահոս