
Ռուսաստանը Սիրիայից վերադարձրել է 3 հարվածային ուղղաթիռներ

Ռուսաստանը Սիրիայից վերադարձրել է 3 հարվածային ուղղաթիռ՝ 2 «Մի-24» և 1 «Մի-35», հայտնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը: Նրանք Ռուսաստան են վերադարձել Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազայից «Ռուսլան» տրանսպորտային ինքնաթիռով:
Ուղղաթիռները հսկում էին օդանավակայանին կից տարածքներն ու ուղեկցում օդանավերին թռիչքի ու վայրէջքի ժամանակ:
Հեռուստաալիքը, հղում կատարելով Սիրիայում ռուս սպաներին, հայտնում է, որ ավիաբազայում դեռ կան ուղղաթիռներ նման խնդիրների իրականացման համար:
Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը սկսվել է մարտի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով:
Մինչ այդ, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության, Սիրիայում ռուսական զորքերը շարունակել են հարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի դիրքերին:
Մասնավորապես, գերատեսչությունը հայտնել է, որ ԴԱԻՇ-ից Պալմիրան ազատագրելու օպերացիային մասնակցել է նաև ռուսական կոնտինգենտ:
Բացի այդ՝ ինչպես հայտարարել են Կրեմլում, ռուս զինծառայողները կմասնակցեն նաև Պալմիրայի ականազերծման աշխատանքներին: