Հակառակորդի կրակոցից վիրավորված Բերքաբերի բնակչի առողջական վիճակը գնահատվում է բավարար
Ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետևանքով հրազենային վիրավորում ստացած Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Նորիկ Ալիխանյանի առոջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
«Հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, նա շարունակում է մնալ կրծքային վիրաբուժության բաժանմունքում` բժիշկների հսկողության ներքո: Հիվանդը դեռ որոշ ժամանակ կշարունակի բուժումը»,-ասաց Շուշան Հունանյանը:
Բերքաբեր գյուղի բնակչի մոտ առկա է եղել ձախ ուսագլխի հրազենային գնդակային վիրավորում. հիմնականում վնասված են եղել փափուկ հյուսվածքները, վերքը չթափանցող էր: Հիվանդն ուներ նաև երրորդ կողի կոտրվածք: Մինչև «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելը, Իջևանի բժշկական կենտրոնում հիվանդի վերքը նախնական մշակման է ենթարկվել, դադարեցվել է արյունահոսությունը:
Մարտի 25-ի երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ Ադրբեջանի կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը: