Ինչո՞ւ է պետք միանգամից թողնել ծխելը. բացատրում են գիտնականները
Հայտնի է, որ շատ մարդիկ ծխելը թողնելու համար կիրառում են տարբեր մեթոդներ: British Heart Foundation կազմակերպության մասնագետները բացատրել են, թե ինչու է «cold turkey», անվամբ հայտնի, ծխելը միանգամից թողնելու մեթոդն ամենաարդյունավետը:
«Cold turkey» արտահայտությունը շատ տարածված է ԱՄՆ-ում, որը նշանակում է` անել միանգամից, անել հենց այդ պահին: Այս մեթոդի իմաստը ծխելը թողնելու ուժեղ, կամային ցանկության մեջ է, որը կարող է ձևավորվել ոչ թե ժամանակի ընթացքում, այլ միանգամից՝ օրինակ, ինչ-որ լուր լսելուց հետո: Նման դեպքերում ծխողները սթափ են մտածում և հստակ նշանակում են վերջին ծխախոտը ծխելու օրը և ժամը:
British Heart Foundation հետազոտությունը, որին մասնակցել է 700 մարդ, ցույց տվեց, որ նման մեթոդով ծխելուց ազատվելը 25 տոկոսով ավելի շանս է տալիս այլևս չվերադառնալու վնասակար սովորությանը: Մասնագետների կարծիքով՝ միանգամից ծխելը թողնելու որոշումը նպաստել է ավելի նպատակասլաց որոշումներին և ուժեղացրել է կամքի ուժը:
British Heart Foundation կազմակերպության մասնագետներն առաջարկում են ամեն անգամ ծխելու մեծ ցանկության դեպքում ոչ թե՝ մտածել զիջումների գնալու, այլ՝ ծխելու դեմ ավելի պայքարելու մասին: Դրա համար պետք է նախապես պատրաստվել, օրինակ՝ ազատվել ծխախոտ հիշեցնող բոլոր աքսեսուարներից: Եթե ցանկությունը շատ ուժեղ է, ապա չպետք է հանձնվել և կարծել, թե ջանքերն ապարդյուն էին: Պարզապես պետք է բարձրացնել ինքնակառավարման մակարդակը:
«Cold turkey» մեթոդն օգտագործելուց առաջ պետք է հիշել, որ օրգանիզմը փոփոխություններին միանգամից չի ենթարկվում: Դրա համար նման լուրջ որոշումից առաջ պետք է կոփել օրգանիզմը հատուկ բժշկական միջոցներով:
Սիրարփի Աղաբաբյան