Քերիի մոսկովյան այցի ղարաբաղյան հետքերը
Մարտի 23-ին ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը կատարեց այս տարվա ընթացքում իր երրորդ երկօրյա այցը Մոսկվա։ Ինչպես և իր նախորդ երկու այցերի ընթացքում, Ջոն Քերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումների ընթացքում բանակցություններ վարեց միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի՝ սիրիական և ուկրաինական հակամարտությունների, Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ Եվրոպայում սրված ահաբեկչական սպառնալիքի, Սիրիայից ռուսական ռազմական ստորաբաժանումների հիմնական մասի դուրսբերման և Ժնևում սիրիական բանակցությունների հերթական փուլի ավարտի ֆոնին։
Ուշագրավ է հատկապես այն, որ զուգահեռաբար Մոսկվայում էր ինչպես՝ ամերիկյան, այնպես էլ՝ եվրոպական արտաքին քաղաքականության առաջին դեմքը՝ Գերմանիայի արտգործնախարարը։ Ու թեև եռակողմ պաշտոնական հանդիպում տեղի չունեցավ, երեք երկրներից գործընկերները՝ Լավրովը, Քերին և Շտայնմայերը, ոչ պաշտոնական հանդիպում ունեցան Կրեմլի հարևանությամբ գտնվող Ritz Carlton հյուրանոցում և միասին երեկո անցկացրին։ Այնուամենայնիվ, Քերիի ռուսական այցի ամենահետաքրքրական հատվածը նրա հանդիպումն էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Պուտին-Քերի արարողակարգային շփման կիզակետում Քերիի աշխատանքային պայուսակն էր, որով նա Մոսկվա էր ժամանել, և որը դարձավ Պուտինի հեգնանքի առարկա։ Իսկ չորսժամյա փակ բանակցությունների ողջ բովանդակությունը, բնականաբար, ըստ ռուսական մամուլի, չբացահայտվեց, թեև հանդիպման արդյունքներն ամփոփեցին Ջոն Քերին և Սերգեյ Լավրովը։ Նրանք, ըստ էության, իրենց խոսքը բաժանեցին երկու հատվածի՝ անդրադառնալով նախ՝ սիրիական հակամարտությանը, ապա՝ ուկրաինական ճգնաժամին, այդ թվում՝ Մինսկյան համաձայնագրերին։
Սերգեյ Լավրովը նշեց, որ բանակցությունները սկսվեցին երկկողմ հարաբերությունների մանրամասն քննարկումից և, ըստ նրա, ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանի մեկուսացման մասին հայտարարությունները ոչ մի կերպ հիմնավորված չեն։ «Ռուսաստանը երբեք չի խուսափել ԱՄՆ-ի հետ համագործակցությունից, բայց պնդում է, որ այդ համագործակցությունը հիմնված լինի իրավահավասարության սկզբունքի վրա»,- ընդգծեց Լավրովը՝ շարունակելով, որ երկար ու մանրամասնորեն քննարկել են մերձավորարևելյան կարգավորումը։
«Շատ ենք խոսել Ուկրաինայի մասին»,- ասաց նա՝ նշելով, որ Մինսկյան համաձայնագրերն ապարդյուն են։ Քերիի խոսքով, Մոսկվան և Վաշինգտոնը կարող են արդյունավետ կերպով համագործակցել, որի վառ ապացույցն է Սիրիայում իրենց համագործակցությունը։ «Երբ մենք համատեղ աշխատում ենք, հասնում ենք արդյունքների»,- ասաց Քերին։
Վերջինս նաև նշեց, որ ԱՄՆ-ը Սիրիան տեսնում է՝ որպես միասնական, ամբողջական, աշխարհիկ պետություն, իսկ «Իսլամական պետությունը»՝ որպես ահաբեկչական կազմակերպություն, պետք է ամբողջությամբ վերացվի։ Քերիի ու Լավրովի սիրիական դիտարկումներից պարզ է դառնում, որ Սիրիայի իշխանությունների վերաբերյալ նրանց դիրքորոշումների հարցում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ «Ասադի հեռանալու հարցում որևէ նոր բան չկա»,- հստակեցրեց Լավրովը։
Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին, ապա ԱՄՆ ներկայացուցիչը պարզորեն ուրվագծեց ամերիկյան դիրքորոշումը՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականություն, այդ թվում՝ Ղրիմ։ Սակայն կողմերը նաև միակամություն ցուցաբերեցին Մինսկյան համաձայնությունների կատարման հարցում։ Քերիի վստահեցմամբ, եթե համաձայնագրերը կատարվեն, ապա Օբաման խոստացել է վերացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Քերին նաև նշեց, որ Ռուսաստանում դատապարտված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն պետք է վերադառնա հայրենիք։ Նա նաև ակնարկեց, որ Պուտինն իրեն հասկացրել է, որ դա հնարավոր է։ Ամփոփելով՝ Քերին նշեց, որ մի քանի տարի երկու երկրներն ունեցել են տարաձայնություններ, սակայն նման երկխոսությունները կարող են ամեն բան փոխել։
«Ես և Լավրովը եկանք եզրակացության, որ դա միշտ պետք է անել»,- ասաց Քերին՝ արձանագրելով, որ ՌԴ-ԱՄՆ նորմալ երկխոսությանը վերադառնալու հարցում առաջընթաց կա։
«168 Ժամի» հետ զրույցում Սևծովյան և Կասպից ծովի տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Արևմուտք-Ռուսաստան լարվածության ֆոնին նման այցերն ընդհանուր առմամբ դրական են։ Նրա կարծիքով՝ Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունը և վերջին որոշումը փոխել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում առկա տրամադրվածությունը։ «Ի վերջո, ռուսական ստորաբաժանումների մեծ մասը Սիրիայից դուրս բերելու Ռուսաստանի իշխանությունների դրդապատճառներից մեկն Ասադի անզիջում քաղաքականությունն է, Ռուսաստանն այսկերպ իր դժգոհությունը հայտնեց Ասադին՝ ԻՊ-ի դեմ պայքարելու ողջ բեռը գցելով Ասադի վրա, ինչը, բոլորն են հասկանում, որ նա անել չի կարող։ Այս հարցում, փաստորեն, Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումները մոտեցան, ինչն էլ դրական հող նախապատրաստեց այս բանակցությունների համար»,- նշեց ռուս քաղաքագետը։
Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին, ապա, ըստ նրա, Ռուսաստանը կկատարի Մինսկյան համաձայնությունները, եթե դրանք կատարեն բոլոր կողմերը։ «Այս հարցում Ռուսաստանը հետևելու է բոլոր ներգրավված կողմերի քայլերին»,- ասաց Նադեին-Ռաևսկին՝ ընդհանուր առմամբ այցը ստացված համարելով, թեև Մյունխենում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խոսել էր սառը պատերազմի և հարաբերություններում առկա լուրջ լարվածության մասին։
Ռուս վերլուծաբանի համոզմամբ՝ սա կարելի է համարել այս երկու հարցերում ՌԴ-ԱՄՆ աշխատանքային հանդիպումներից մեկը, որի ընթացքում բեկումնային փոփոխություններ չեն եղել։ Հայաստանին և հայ փորձագիտական հանրությանն այս հանդիպումից հետաքրքրում էին հայաստանյան արտաքին քաղաքականության թույլ կետերը։
Մինչ այցը սպասումներ կային, որ Քերին Մոսկվայում քննարկելու է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման հարցն ու Վաշինգտոնում, ըստ խոսակցությունների, սպասվող Ալիև-Սարգսյան հանդիպումը, քանի որ ԱՄՆ-ը շրջանառության մեջ է դրել ԼՂ հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու՝ ԱՄՆ կոնգրեսականների նախաձեռնությունը։
Ավելին, օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել էր, որ Մինսկի խմբի համանախագահներն աջակցում են ԱՄՆ կոնգրեսականների առաջարկին՝ տեխնիկական և կառուցվածքային քայլեր ձեռնարկել Արցախի հակամարտության գոտում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ուղղությամբ։ Սակայն այս հարցի վերաբերյալ Մոսկվան դեռ շարունակում է լռել։ Ավելին, Քերիի այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ՄԽ համանախագահներն ապակառուցողական են և գործում են հօգուտ Հայաստանի, ասել է, թե պետք է ճշտել ադրբեջանական կողմից՝ որ համանախագահ երկրի մասին է խոսքը, ըստ էության, Ադրբեջանին վստահեցնելով, որ Ռուսաստանը չի գործում ի օգուտ Հայաստանի։
«Մենք չենք կարող այդ խոսքերն ընդունել մեր հասցեին։ Երկար տարիների ընթացքում Ռուսաստանն ապացուցել է իր անկեղծ, բարեխիղճ նպատակները։ Մենք ամբողջ սրտով ցանկանում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում»,- հայտարարել է Զախարովան։ Մեզ հետ զրույցում Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշեց, որ չի բացառվում, որ փակ քննարկումներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ կողմերը մտքեր են փոխանակել։ «Եթե նույնիսկ դա տեղի չի ունեցել, ապա վստահ եմ, որ ԱՄՆ-ՌԴ լարվածության մեղմացումը դրականորեն կանդրադառնա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա»,- ասաց ռուս վերլուծաբանը։
«168 Ժամի» հետ զրույցում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, վերլուծաբան Սերգեյ Մինասյանը ենթադրեց, որ ԼՂ հակամարտությունը Մոսկվայում ընդհանրապես չի քննարկվել։ Դա, ըստ նրա, դրական է, որովհետև չէր ցանկանա, որ այդ հարցն այնքան արտահերթ նշանակություն ունենար, որ փակեր Սիրիայում կամ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ «Կարծում եմ՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար կան շատ ավելի կարևոր և հրատապ խնդիրներ, որոնք լայնամասշտաբ պատերազմների ու հումանիտար աղետների հետ են կապված։ Հետևաբար՝ ես կարծում եմ, որ դա նաև խոսում է այն մասին, որ և՛ ԱՄՆ-ը, և՛ ՌԴ-ն չեն ընկալում այն իրավիճակը, որը կա ԼՂ հակամարտության գոտում՝ որպես վտանգավոր լայնամասշտաբ գործողությունների տանող իրավիճակ, մյուս կողմից՝ այն, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն կարող են նոր եզրեր գտնել տարբեր երկրներում լուրջ խնդիրներ լուծելու հարցում, դրական կանդրադառնա ՄԽ աշխատանքի վրա, և որևէ նոր բան ասելու կարիք չկա։ ՌԴ-ն, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան աշխատելու են այնպես, ինչպես աշխատել են տասնամյակներ, այլ բան է, որ կողմերից մեկը չի ցանկանում գնալ զիջումային քայլերի, իսկ առանց դրա որևէ լուրջ փոփոխություն Արցախյան հարցում չենք ունենա։
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղաշարժ չկա ոչ թե ԱՄՆ-ի ու ՌԴ-ի մոտեցումների պատճառով, այլ կողմերն են հեռու փոխզիջումներից, խոսքն Ադրբեջանի մասին է։ Ռուսաստանը և ԱՄՆ-ը որակապես ավելի բարձր հարաբերություններ ունեին նախորդ տարիներին, բայց դա որևէ կերպ չի անդրադարձել ԼՂ հիմնահարցի վրա, այսինքն՝ չկարգավորված իրավիճակը կախված չի իրականում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններից, չնայած որ, ակնհայտ է, որ դրական հարաբերությունները միայն ու միայն նպաստելու են ՄԽ արդյունավետ աշխատանքին»,- ասաց Մինասյանը՝ շարունակելով, թե խնդիրն այն է, որ ՄԽ-ն չի ցանկանում կամ չի կարող կողմերից մեկի վրա այնքան ազդեցություն թողնել, որ այդ կողմն ընդունի զրոյական մակարդակ պահանջող ինչ-որ պայմաններ, այն է՝ շփման գծում վտահության մեխանիզմների ապահովման միջոցներ ստեղծել, իսկ քանի դեռ չկա նման հանձնառություն, չենք կարող խոսել երկարաժամկետ խաղաղ կարգավորման մասին։
«Այն, որ ՄԽ անդամ երկրների հարաբերությունները կարող են ինչ-որ կերպ բարելավվել, դա դրական կլինի առնվազն լայնամասշտաբ ռազմական գործողությունները բացառելու տեսանկյունից»,- ասաց Մինասյանը։