Կարո Եղնուկյանն ամենահավանականը համարում է, որ իր կնոջը հարվածել է ոստիկանը՝ ոտքով
Ինչպես հայտնի է, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը, ով երեկ Մաշտոցի պուրակում հարված էր ստացել գլխի հատվածում և հիվանդանոց տեղափոխվել, այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:
Կ. Եղնուկյանը 168.am-ին հայտնեց, որ իր կինը երեկվա համեմատ այսօր ավելի լավ է զգում, թեպետ ունի գլխացավեր: Նա կնոջ հետ այսօր առավոտյան է խոսել երեկվա միջադեպի մասին, քանի որ, նրա խոսքով, կինը երեկ ի վիճակի չէր, անգամ ոստիկանների հետ չի կարողացել խոսել:
Մեզ հետ զրույցում Կ. Եղուկյանը մանրամասնեց՝ ինչ է տեղի ունեցել երեկ, ու ինչ է պատմում իր կինը կատարվածի մասին. «Պարզվում է, որ այդ հրմշտոցի ժամանակ իրեն գետնին են տապալել, դրանից հետո ինքն իրեն լավ չի զգացել, շնչակտուր է եղել, և շղթան, որի հետ ինքն ի սկզբանե կապ չի ունեցել, փաթաթվել է իր ձեռքին, ու ինքը մեջքի վրա պառկած վիճակում է եղել, որովհետև չի կարողացել վեր կենալ՝ վատ զգալու պատճառով: Ինքն ասում է, որ իր մազերի վրա մի քանի անգամ կանգնել են, ու ինքը ցավ է զգացել ու գոռացել է: Ես այդ գոռոցներից մեկն եմ լսել ու մոտեցա նրան, ու տեսա, որ Ռուզանի գլխի 4 կողմում մի քանի սանտիմետր հեռավորության վրա ոստիկանների ոտքեր են: Այնպիսի իրավիճակ էր, որ անխուսափելի էր, որ այնտեղ նման մի բան չլիներ, նույնիսկ, եթե դիտավորյալ չլիներ դա: Ես միանգամից նետվեցի ոստիկանների վրա, ու մի պահ ինձ հաջողվեց նրանց հեռացնել Ռուզանից, բայց դրա հետևանքն էլ այն էր, որ ինձ բերման ենթարկեցին: Դրանից հետո դեպքը պատահել է, ինձ բերման ենթարկելուց րոպեներ անց»:
Կ. Եղնուկյանի խոսքով՝ Ռուզաննան հիշում է, որ ինքը հարված է ստացել իր գլխին, բայց չգիտի՝ այդ հարվածն ով է տվել: Կ. Եղնուկյանը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, դա ոտքով է եղել, որովհետև, ըստ նրա՝ եթե գլուխը գետնին է, վերևից կարող ես կա՛մ ոտքով հարվածել, կա՛մ մի բան գցես, որ ընկնի այդ մարդու գլխին, բայց նման բան չի ընկել, հետևաբար՝ նա գտնում է, որ միակ տարբերակն այն է, որ ոտքով հարված է եղել:
Հարցին՝ չե՞ք բացառում, որ հնարավոր է՝ սադրիչներ են եղել ձեր շարքերում, որոնք էլ հարվածել են Ձեր կնոջը, Կ. Եղնուկյանն այսպես պատասխանեց. «Ինչպե՞ս կարող եմ բացառել: Բայց մի բան կարող եմ ասել, որ այդ ժամանակ կնոջս շրջապատում էին ոստիկաններ, կողքին կար մի ակտիվիստ, որը չէր կարող դա անել, դա բացառվում է, հետևաբար՝ այնտեղ կային միայն ոստիկաններ»:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ ավելի հավանական եք համարում, որ ոստիկա՞ն է հարվածել Ձեր կնոջը, Կ. Եղնուկյանն այսպես արձագանքեց. «Ամենահավանականն այն է, որ ոստիկանն է հարվածել»:
Նա նշեց, որ քիչ առաջ տեղեկացել է, որ Ոստիկանությունը ծառայողական քննություն է նշանակել միջադեպի կապակցությամբ. «Ես այսօր արդեն պատրաստել էի հայտարարություն հանցագործության մասին, բայց Ոստիկանությունը, հասկանալով, որ պետք է նման գործողություն անել, իրենք արդեն գործ են բացել, որ հետաքննություն անեն, դա շատ լավ է, բայց տարիների փորձը ցույց է տալիս, որ դա ձևական բնույթ ունի»: