
«Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, հարցեր, որոնք համատեղ ջանքերով հնարավոր չէ լուծել». Նալբանդյան

«Տարիների ընթացքում մեր երկու հարևան երկրների կառավարությունների ներկայացուցիչների միջև ավանդաբար ձևավորվել են սերտ գործընկերային հարաբերություններ, որոնք ուղղված են մեր երկր երի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը»,- այս մասին այսօր Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին:
Նա նշեց, որ ԱԳ նախարարների միջև հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում հենց այս առումով և ասել, թե Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները բարիդրացիական են՝ նշանակում է շատ քիչ բան ասել: «Այն ամենը, ինչ բնորոշում է մեր ժողովուրդներին, սերտորեն շաղկապված են և դա պատահական չէ, քանի որ մենք կողք կողքի ապրում ենք հազարավոր տարիներ: Սա փոխադարձ հարգանքի վրա հիմնված և ժամանակով ստուգված հարաբերություն է:
Հարաբերությունները շարունակվում են ընդլայնվել, խորանալ մեր երկու երկրների միջև, ունենալով նաև այնպիսի կապող օղակ, ինչպիսին է վիրահայությունը: Միևնույն աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող երկրների արտաքին գերատեսչությույնններին օգտակար են մտքերի փոխանակությունը միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա, Նալբանդյանի վստահեցմամբ, Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, հարցեր, որոնք համատեղ ջանքերով հնարավոր չէ լուծել:
«Մեր երկրների միջև առկա են գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող ութ տասնյակից ավելի համաձայնագրեր, այդ իրավապայմանագրային հարուստ դաշտը, երկուստեք պատրաստակամությունը լավ հիմք են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Պայմանավորվեցինք առավել ակտիվացնել երկու ԱԳ նախարարների միջև խորհրդատվությունները, մտքեր փոխանակեցինք միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների շուրջ այս հարցերին անդրադարձ կլինի նաև վարչապետի հետ պարոն Ջանելիձեի հանդիպմանը, խոսեցինք նաև ակտիվ միջխորհրդարանական համագործակցության մասին: Իմ վրացի գործընկերոջ հետ քննարկեցինք տրանսպորտային ենարակառուցվախքների զարգացման, էներգետիկ, առևտրատնտեսական, զբոսաշրջության ոլորտներում համագբործակցության հետ կապված հարցեր:
Մենք շարունակում ենք համագործակցությունը Վրաստանի հետ հայկական մշակութային ժառանգության պահպանման առումով, ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի և Վրաստանի ղեկավարների հետ միասին ներկայությունը Թբիլիսիի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությանը դրա վառ վկայությունն է: Ես գործընկերոջս տեղեկացրի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների մասին, այս առումով կարևոր է Վրաստանի աջակցությունը միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի Մինսկի խմբի համանախագահության ջանքերին ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,- նման տեսակետ հայտնեց Նալբանդյանը: