Բաժիններ՝

Ինձ համար այդ հարցում ահել-ջահել կապ չունի. Արսեն Սաֆարյանը՝ երիտասարդ երգահանների ու ապագա ծրագրերի մասին. Life.panorama.am

Վերջին շրջանում ոչ այնքան ակտիվ բեմական գործունեություն ծավալող երգիչ Արսեն Սաֆարյանն այս պահին որպես ժյուրի է ներկայանում «Շանթ» Հ/Կ-ի «Պրեմիերա» նախագծում: Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը խոսել է նոր սերնդի նկատմամբ իր կարծիքների, առաջիկայում սպասվելիք ծրագրերի եւ այսօրվա հայկական երգարվեսի մասին:

-Արսեն երկար ժամանակ էր, Ձեզ էկրաններին չէինք տեսնում, իսկ հիմա ժյուրիի կարգավիճակում եք ներկայանում, ինչպե՞ս ընդունեցիք առաջարկը:

– Այո, առաջարկը սիրով ընդունեցի, քանի որ ըստ իս «Պրեմիերա» նախագիծն իր նշանակությամբ շատ կարեւոր է, այն հնարավորություն է տալիս թե սկսնակ, թե արդեն հայտնի հեղինակներին ներկայացնել իրենց երգերը: Նախագիծն ինքնին հետաքրքիր է, քանի որ նոր երգերը պետք է շունչ ստանան եւ նոր մարդիկ պետք է գնահատվեն:

-Արսեն, բայց հիմա միշտ չէ, որ ձեր սերնդակիցները հավանում են նոր սերունդներին, նրանցից հաճախ կարող ենք լսել, որ տաղանդները քիչ են:

– Ես այնքան էլ համաձայն չեմ այդ տեսակետներին: Իհարկե, կան անտաղանդ հեղինակներ ու կատարողներ, բաjց նրանց կողքին նաեւ իսկապես տաղանդավորներ: Կոնկրետ նախագծի շրջանակներում շատ լավ երգեր ենք ստացել, որոնք մեզ հաճելիորեն զարմացրել է: Ես այն տեսակներից չեմ, որ ասում են՝ «Դե մենք ուրիշ էինք», տաղանդներ միշտ են լինելու, ուրիշ հարց է, թե այս ոլորտն ուր է գնում:

-Հետաքրքիր է, իսկ դուք երիտասրադ երգահաններին վստահո՞ւմ եք:

– Ինձ համար այդ հարցում ահել-ջահել կապ չունի, մինչեւ ականջս չլսի եւ ինքս չհավանեմ, նշանակություն չի ունենա, թե ով է գրել երգը: Միաժամանակ, իհարկե, կան անուններ, որոնց անունը լսելիս հասկանալի է դառնում, որ ինչ-որ գեղեցիկ ու արժեքավոր բան է գրվել, բայց դրա հետ մեկտեղ չի կարելի հեռու մնալ երիտասրադ ստեղծագորողներից, որոնց մեջ նոր շունչ կա:

-Հատկապես «Պրեմիերա»-ի շրջանակներում կան գուսանական երգերի հնչերանգներով երգեր, որպիսիք միշտ չէ, որ միանշանակ են ընդունվում, դուք ի՞նչ կարծիք ունեք:

– «Պրեմիերա»-ում մի այդպիսի երգ կա, կոչվում է «Ճար չունեմ», այն իմ ամենասիրելի երգն է. գուսանական հնչերանգներով, բայց նոր շնչով այդ երգն իսկապես շատ գեղեցիկ է ու զարմանում եմ, թե ինչպես կարելի է այն չհավանել: Խնդիրը երգերն աղավաղելու մեջ չէ, այլ թե ով ավելի մոտ կլինի իր արմատներին ու հայերեն կգրի. Այստեղ խոսքը լեզվի մասին չէ, առհասարակ հայերեն երգելն ու հայերեն գրելը շատ զգույշ երեւույթներ են, կարող են երգել հայերեն երգ, բայց ոչ մեղեդին լինի հայերեն, ոչ բովանդակությունը: Ինչ վերաբերում է հին գուսանական երգերի նոր կատարումներին, պետք է շեշտեմ, որ ես միշտ բնօրինակի կողմնակիցն եմ, քիչ է հաջողվում, որ հին երգերը նոր գործիքավորմամբ գեղեցիկ է այնքան, ինչքան բնօրինակի ժամանակ, այնուամենայնիվ այստեղ եւս բացառության սկզբունքը գործում է. իհարկե՝ հնարավոր են նաեւ լավ գործիքավորումներ, որոնք արդեն հայտնի երգերին նոր շունչ կարող են հաղորդել:

-Արսեն, որեւէ նախագծի մասնակցելիս՝ մասնակիցները մեծ հույսեր են կապում ժյուրիի հետ. ըստ Ձեզ՝ որքանո՞վ կարող է ժյուրին օգնել մասնակցին:

– Ժյուրիից շատ բան է կախված, հատկապես սկզբնական ընտրության ժամանակ, որովհետեւ մենք ընտրել ենք բազմաթիվ երգերից ընդամենը մի քանիսը, ու եթե ժյուրին ճիշտ չվերաբերվի այդ երգերին ու սխալ ընտրություն անի, արդյունքում հեռուստադիտողը կլսի վատ ու անճաշակ երգեր: Որպես ժյուրի երբեւէ չեմ հետաքրքրվում այդ հեղինակն ինձ ընկեր է, բարեկամ, թե անծանոթ. ես փորձում եմ հնարավորինս անաչառ լինել: Կոնկրետ այս նախագծում շատ եմ կարեւորում ժյուրիի նշանակությունը, քանի որ մենք ենք ընտրում այն երգերը, որոնք հետո պետք է լսի հեռուստադիտողը, բայց այս հարցում օգնում է այն փաստը, որ մենք՝ ժյուրիների չորս անդամներս, իրենց ճաշակով ու ընկալումներով շատ տարբեր ենք միմյանցից, այդպես կարողանում ենք բազմաժանրություն ապահովել: Մենք քննարկում ենք, թեկուզեւ առողջ վիճաբանությամբ ընտրում ենք երգեր, որոնք վաղը հանրային կդառնան:

-Վերջին տարիներին Ձեզ բեմում կամ տեսահոլովակներով հազվադեպ կարող ենք տեսնել, մարդիկ անհանգստացած են՝ կարծելով Արսեն Սաֆարյանը որոշել է այլեւս չերգել:

– Ոչ մի իրավիճակ ինձ չի ստիպի, որ այլեւս չերգեմ: Ես ինչքան ստեղծագործում եմ, այդքան էլ կերգեմ: Այս շրջանը համարենք դադարային շրջան, որը շուտով կչեղարկվի, քանի որ արդեն Ռուզաննա Անդրեասյանի հետ աշխատում ենք նոր զուգերգի վրա, որը շուտով տեսահոլովակ կունենա: Այն մի փոքր երկարեց, քանի որ Ռուզաննան մայրացավ: Երգի հեղինակը հենց նա է, շատ գեղեցիկ, մեղեդային երգ է հասուն սիրո մասին: Բացի այդ զուգերգից՝ ըստ իմ ծրագրերի այս տարվա մեջ գոնե երկու տեսահոլովակ կներկայացնեմ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս