Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի հետ ստեղծել հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք
Էներգետիկ ոլորտում Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցությունը միտված է հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ստեղծմանը, ինչը հնարավորություն կտա աշխատել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության էլեկտրահամակարգերի հետ: «Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը: «Խոսքը, մասնավորապես, տարածաշրջանային այնպիսի ծրագրերի իրականացման մասին է, որոնք թույլ կտան միավորել չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը` բարձրացնելով փոխհոսքերի կառավարման մակարդակը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի գործունեության արդունավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը»,-ասված է նախարարի պատասխանում:
Հայաստանը պատրաստ է մասնակցել ապրիլին նախատեսվող քառակողմ հանդիպմանը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք բերվել 2015 դեկտեմբերի 23-ին` Երևանում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ:
«Այս տարվա ապրիլին Թբիլիսիում նախատեսվող Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի էներգետիկայի նախարարների հանդիպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2015թ. դեկտեմբերի 23-ին` Երևանում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ, որի շրջանակներում ստորագրվեց նաև Փոխըմբռնման հուշագիր` էլեկտրաէներգետիկական ոլորտում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ: Երևանում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Հայաստանը պատրաստ է մասնակցե լ ապրիլին Թբիլիսիում նախատեսվող քառակողմ հանդիպմանը»,-նշել է Յոլյանը:
Անի Նազարյան