Բաժիններ՝

Ամփոփվել են միջպետական համաձայնագրերի շրջանակներում հայտարարված մրցույթների արդյունքները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ամփոփվել են միջպետական համաձայնագրերի շրջանակներում 2016-2017 ուսումնական տարվա Չինաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի և Հորդանանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթների արդյունքները: Միջոցառմանը ներկա են եղել երեք կրթական աստիճաններով՝ բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերի մրցույթների համար դիմած և դրական միավորներ ստացած դիմորդները:

Շնորհավորելով և հաջողություն մաղթելով մրցույթում հաղթած բոլոր դիմորդներին` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշել է, որ համաձայն կառավարության որոշմամբ հաստատված համապատասխան կարգի՝ միջպետական համաձայնագրով նշված երկրների բուհեր ընդունված արական սեռի ուսանողներին տարկետման իրավունք տրվում է բուհերի վարկանիշավորման համաշխարհային սանդղակներում ընդգրկված առաջին 500 բուհերի սովորողներին, ինչպես նաև պետության կողմից գերակայություն հռչակված ուղղության մասնագիտությունների համար:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս տարի ևս Չինաստանի բուհերում սովորելու համար արձանագրվել է դիմորդների բարձր մասնակցություն, որը, ըստ Կարինե Հարությունյանի, վկայում է հայ երիտասարդների` Չինաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթանալու և չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրության և ձգտման մասին: Նախարարի տեղակալի խոսքով` ավելի մեծ թվով դիմորդներ ցանկություն են հայտնել սովորել մագիստրատուրայում, ավելի քիչ` ասպիրանտուրայում:

Կարինե Հարությունյանը նաև հորդորել է արտերկրում կրթվելու իրավունք ստացած հայ երիտասարդներին հիշել, որ իրենք արտասահմանյան բուհերում ներկայացնելու են Հայաստանի Հանրապետությունը, մեր երկրի կրթական համակարգն ու հայ երիտասարդությանը.

«Հորդորում եմ ցուցաբերել բարձր առաջադիմություն և օրինակելի վարք և միշտ հիշել, որ ձեզ հետ շփվող օտարերկրացի ուսանողները Հայաստանը ճանաչելու են ձեզնով, ուստի խնդրում և պահանջում եմ՝ պատասխանտվությամբ և պատվախնդրությամբ մոտենալ ձեր առաքելությանը: Հորդորում եմ նաև սերտորեն համագործակցել տվյալ երկրում գործող ՀՀ դեսպանատան հետ, դիմել ձեզ հուզող բոլոր հարցերով»,-նշել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը` միաժամանակ մրցույթին մասնակցած, բայց մրցութային շեմը չհաղթահարած դիմորդներին առաջարկելով մասնակցել ինչպես միջպետական համաձայնագրերով թափուր մնացած տեղերի, այնպես էլ այլ կրթաթոշակային ծրագրերով նախատեսված մրցույթներին: Կարինե Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ բոլոր ընդունվածների հետ կկնքվի համապատասխան պայմանագիր, համաձայն որի` վերջիններս ուսումնառության ավարտից հետո պարտավոր են վերադառնալ հայրենիք:

Բացի այդ, բոլոր այն ուսանողները, ովքեր որևէ պատճառով կիսատ կթողնեն իրենց ուսումն արտերկրում, կզրկվեն իրենց կրթաթոշակային տեղերից, իսկ արական սեռի անձինք` նաև տարկետման իրավունքից:

Հանդիպման մասնակիցիներն իրենց հուզող հարցերն են ուղղել ԿԳ նախարարի տեղակալին, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:

Նշենք, որ այս տարի Չինաստանի բուհերում սովորելու համար հատկացվել է 16 տեղ /10՝ բակալավր, 2` մագիստրոս, 4 ասպիրանտ/, Բուլղարիայի բուհերում սովորելու համար հատկացվել է 4 տեղ /2՝ բակալավր, 2 մագիստրոս/, Ռումինիա՝ 8 /3 բակալավր, 3 մագիստրոս, 2 ասպիրանտ/, Լեհաստան՝ 6 /2 բակալավր, 2 մագիստրոս, 2 ասպիրանտ/, Վրաստան և Հորդանան` համապատասխանաբար 10 և 25 մագիստրոսական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս