
Աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին:
Իր խոսքում Նախագահը նշել է, որ ցանկացած պետությունում, մեր երկրում եւս հասարակական հարաբերությունները անընդհատ փոփոխվում են՝ պահանջելով իրավակարգավորման նոր լուծումներ, որոնցից մի մասը առաջացնում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն: «
Ցանկացած փոփոխություն կատարելիս պետք է ելնել երկրի անվտանգության, ժողովրդավարության եւ հասարակության համախմբվածության ամրապնդման հրամայականից: Դա պարտավորեցնում է հանրային եւ պետական շահը վեր դասել ամեն ինչից»,- ընդգծել է Բակո Սահակյանը:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ սահմանադրական բարեփոխումների հիմքում պետք է դրվի ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հետագա ամրապնդումը, իշխանության ճյուղերի հավասարակշռումը, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը՝ հավելելով, որ անհրաժեշտ է լինելու անել ամեն ինչ` գործընթացը բաց ու թափանցիկ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում անցկացնելու համար:
«Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ հենց ինքն է որոշում իր ապագան: Մեր ժողովրդի արժեհամակարգը, նրա պատմությունը եւ անցած ուղին, լավատեսությունը եւ սեփական ուժերին ապավինումը թույլ կտան նրան կատարել ճիշտ ընտրություն»,- եզրափակել է Նախագահ Սահակյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները, օրենսդիր, գործադիր եւ դատական թեւերի ներկայացուցիչներ: