«Խախտվել է օրենքը». Արփինե Հովհաննիսյանը՝ xopan.am-ից ստացած հաղորդարգրությունների մասին
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ուսումնասիրել է xopan.am-ից բջջային հեռախոսահամարներին ստացված հաղորդագրության իրավաչափությունը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեսյբուայն էջում այս մասին մասնավորապես գրել է. «Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ գործընկերջս՝ Ն. Զոհրաբյանի հնչեցրած հարցի հետքերով. Չպահանջված գովազդային հաղորդագրությունների խնդիրը մինչ այս էլ գտնվել է ՀՀ արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, և Ազգային Ժողովում այս խնդրի մասին բարձրաձայնած պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը ևս մեկ առիթ էր, որպեսզի ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ուսումնասիրի xopan.am-ից բջջային հեռախոսահամարներին ստացված հաղորդագրության իրավաչափությունն ու դրա վերաբերյալ ներկայացնի իր խորհրդատվական որոշումը:
Նշեմ, որ տվյալ դեպքում խոսքը գնում է «ուղղակի մարքեթինգի» մասին: Հաշվի առնելով, որ անցանկալի գովազդային հաղորդագրություններ փոխանցելը միջամտություն է մարդու անձնական կյանքին և որ ցանկացած դեպքում մարդու անձնական տվյալները, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարը, պետք է օգտագործվեն բացառապես անձի համաձայնությամբ կամ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքում՝ ակնհայտ է դառնում, որ տվյալ պարագայում խախտվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Չնայած այս դեպքում հաղորդագրությունն ուղարկվել էր մարքեթինգ իրականացնող մասնավոր կազմակերպության կողմից, այնուամենայնիվ, նման դեպքերը բացառելու գործում շատ եմ կարևորում կապի ծառայություն մատուցող օպերատորների դերը և ակնկալում, որ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցող բոլոր կազմակերպությունները (կամ օպերատորները) կձեռնարկեն անհրաժեշտ և առավելագույն կազմակերպչական, տեխնիկական (ծրագրային) միջոցներ՝ կանխելու համար առանց իրենց բաժանորդների համաձայնության այլ անձանց կողմից ուղղակի մարքեթինգի նպատակով բաժանորդների անձնական տվյալների օգտագործումը և որ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու վերաբերյալ բաժանորդների հետ կնքվող պայմանագրերում կնախատեսեն ուղղակի մարքեթինգի նպատակով բաժանորդի անձնական տվյալներն, այդ թվում՝ հեռախոսահամարն օգտագործելու վերաբերյալ դրույթներ: Այլապես, վերջիվերջո խնդիր է առաջանալու օպերատորի և հաճախորդի միջև: