Սալահ Աբդեսլամի փաստաբանը հարձակման է ենթարկվել
Բրյուսելում օրեր առաջ ձերբակալված Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի փաստաբանը հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել, սակայն կարողացել է ազատվել իր վրա հարձակված անհայտ անձից, հայտնում է բելգիական RTBF հեռուստառադիոընկերությունը:
Փաստաբան Սվեն Մարիի խոսքով՝ այդ պատճառով իր աշխատակիցների անվտանգությունը ապահովելու համար հարկադրված է եղել ժամանակավորապես փակել իր փաստաբանական բյուրոյի գրասենյակը՝ Այդուամենայնիվ, փաստաբանը հրաժարվել է թիկնապահներից:
Ահաբեկչի պաշտպանությունը ստանձնելուց հետո Սվեն Մարին հայտնել է, որ էլեկտրոնային փոստով ստանում է հարյուրավոր վիրավորական գրություններ: Սպասվում է, որ նա այսօր բողոք կներկայացնի Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսի դեմ իր պաշտպանյալի խոստովանությունը հրապարակելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Մոլենսը, Աբդեսլամը հայտնել է հետաքննությանը, որ պետք է ահաբեկիչների խմբի հետ պայթեցներ իրեն «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, սակայն հետո հետ է կանգնել այդ մտքից:
Դատախազը նշել էր, որ պետք է չափազանց զգույշ լինել կասկածյալի առաջին խոստովանությունների նկատմամբ, որի դերը ահաբեկչություններում դեռ պետք է պարզել:
Աբդեսլամի փաստաբանը, իր հերքին, Մոլենսին մեղադրել է դատական կոնֆիդենցիալության խախտման մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բրյուսելի Մոլենբեկ արվարձանում ձերբակալվել էր Փարիզում անցած տարվա նոյեմբերին իրականացրած ահաբեկչությունների գլխավոր կասկածյալներից մեկը: Ոստիկանները նրան վիրավորել էին գրոհի ժամանակ ու տեղափոխել հիվանդանոց: Նրա հետ վիրավորվել էր ևս մեկ մարդ: Ոստիկանությանը հաջողվել էր ձերբակալել ահաբեկչությունների գործով երրորդ կասկածյալին:
Ահաբեկչի եղբայրն իրեն պայթեցրել էր նոյեմբերի 13-ին Փարիզում՝ Վոլտերի ճեմուղում, իսկ Սալահին հաջողվել էր հեռանալ Փարիզից շնորհիվ իր ընկերների, որոնք նրան տեղափոխել էին Բելգիա: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել մոտ 4 ամիս: