Թուրքիան Իրաքում սուննիական բանակ է ստեղծում
Թուրքիան սկսել է Իրաքում սուննիական բանակի մարզումները, որի կազմում կա 2000 մարտիկ, հայտնում է թուրքական Sabah թերթը:
Ինչպես գրում է պարբերականը, Իրաքի սուննիական բանակի մարտիկները մասնակցելու են Մոսուլի ազատագրմանը: Մոսուլն Իրաքի կարևոր նավթային կենտրոններից է, որը 2014թ. հունիսի 10-ին ամբողջությամբ անցել էր ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո:
Ավելի վաղ Իրաքի Rudaw թերթը, հղում կատարելով Իրաքի քրդական ադմինիստրացիայի իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան Իրաքում ստեղծել է սուննիներից բաղկացած «Խաշդ ալ-Վաթանի» բանակը: Բանակի կազմում, ըստ պարբերականի, կան նաև քրդեր: Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նպատակով ստեղծվել էր շիական ցեղերից բաղկացած «Ալ-Խաշդ ալ-Շաաբի» բանակը, որը բազմիցս մասնակցել է ԴԱԻՇ-ի դեմ օպերացիաներին:
Ինչպես գրում են Իրաքի ԶԼՄ-ները «Ալ-Խաշդ ալ-Շաաբին» պնդում է, որ հենց ինքն է վերահսկելու Մոսուլը դրա ազատագրումից հետո, ինչւ Իրաքի քրդական ինքնավարության շահերից չի բխում:
Ավելի վաղ Թուրքիան Մոսուլի ազատագրման համար Իրաք էր ուղարկել երկու C-130 ինքնաթիռ՝ ռազմական օգնություն հասցնելու նպատակով: Սպասվում է, որ հարձակումը Մոսուլի վրա սկսվելու է 2015թ. ապրիլին: