«Մենք ո՛չ ժամանակ, ո՛չ էներգիա, ո՛չ էլ ցանկություն ունենք նման գործընթացին մասնակցելու». Արթուր Սաքունցը՝ «4+4+4» ձևաչափով բանակցությունների մասին

168.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

– Պարոն Սաքունց, Ձեր կազմակերպությունը հրավերքի դեպքում կբանակցի՞ իշխանությունների հետ Ընտրական օրենսգրքի մշակման շուրջ «4+4+4» ձևաչափով, և, առհասարակ, ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ բանակցություններից:

– «4+4+4» ձևաչափը գոյություն ունեցող նախագծի պարագայում համարում եմ ոչ արդյունավետ, որովհետև պետք էր այդ նախագծի մշակման փուլից սկսած՝ մասնակցային լիներ դա ոչ միայն Ընտրական օրենսգրքի, այլև Սահմանադրության հետ կապված պետք է այդպես լիներ: Այս փուլում արդեն, երբ կա նախագիծ, կա քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մասնավորապես՝ հ/կ-ների կողմից հստակ մոտեցումները կան, և կան նաև նախագծի հեղինակների և նրանց սատարող ուժի կողմից միանշանակ դիրքորոշումները, և ակնհայտ տարբերությունն այդ դիրքորոշումների միջև, բազմաթիվ հրապարակային ելույթներով հստակ ներկայացված է, որ ընտրողների գրանցված ցուցակները չեն հրապարակվելու, այս պարագայում մեր կազմակերպությունը որևէ իմաստ չի գտնում ժամանակ և էներգիա վատնել մի ձևաչափում, որի արդյունքներն ի սկզբանե կանխորոշված են:

Իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ արձանագրելու, որ, իբր, այնուամենայնիվ, հանրային քննարկումներ կազմակերպվել են, բայց երբ տեսնում ենք, որ նույնիսկ այդ հանրային քննարկումների ժամանակ հստակ դիրքորոշումներն արտահայտված են, և երկխոսության առարկան բացակայում է, այդ ֆորմատը նշանակություն չի ունենալու, մենք ո՛չ ժամանակ, ո՛չ էներգիա, ո՛չ էլ ցանկություն ունենք նման գործընթացին մասնակցելու: Դա մեր տեսակետն է, քաղաքացիական հասարակությունը շատ բազմազան է, ամեն կազմակերպություն ինքն է որոշում իր անելիքները: Կլինեն կազմակերպություններ՝ կգտնեն, որ իրենց մասնակցությունն իմաստ ունի:

Կարդացեք նաև

– ՀԱԿ-ը, որն առաջարկել է այդ ձևաչափով բանակցել իշխանությունների հետ, և մյուս ուժերը, որոնք միացել են, չե՞ն գիտակցում այդքանը, որ գնում են դրան, և մյուս կողմից էլ՝ ի՞նչ կարող են անել՝ դրանից բացի, որ չեն անում:

– Ճիշտն ասած, ընդդիմության անելիքների մասնագետը չեմ, ու չեմ էլ ուզում այդ բնագավառի մեջ ներգրավվեմ: Խնդիրն այն է, որ մենք ունենք հետևյալ գործընթացը, որ ՀՀ-ում իշխանության ձևավորման ամբողջ մեխանիզմը և ընթացակարգը փոխվում է մեկ անձի քմահաճույքի, իսկ ավելի ճիշտ՝ մեկ անձի իշխանության շարունակականության ապահովման համար: Կառավարման համակարգի փոփոխությունից հետո, որպեսզի ապահովվի փայլուն մեծամասնության վերարտադրությունը, դրա համար մշակվում է և հերթական անգամ պարտադրվում է ՀՀ քաղաքացիներին Ընտրական նոր օրենսգիրք, որն իր մոտեցումներով, սկզբունքներով՝ աղճատում է համամասնական ընտրակարգով իշխանությունների ձևավորման մեխանիզմը, որը նույնպես լիովին տեղավորվում է այդ իշխանության շարունակականության ապահովման տրամաբանության մեջ: Այսինքն՝ կա հստակ, հետևողական գործողություն՝ պարտադրելու խաղի կանոններ, հիմա այդ խաղի կանոնների վերաբերյալ՝ թե երկրորդական, երրորդական նշանակություն ունեցող հարցերում ի՞նչ զիջումների կգնան, և այլն, էական նշանակություն չեն ունենալու:

– Փաստորեն, այն քաղաքական ուժերն ու հ/կ-ները, որոնք մասնակցելու են այդ բանակցություններին, մա՞ս են կազմում այդ խաղի կանոնների մշակման գործընթացին:

– Չեմ ուզում քննադատաբար մոտենալ մյուս որոշում կայացնողներին, որովհետև նույն տրամաբանությամբ ինձ էլ կարող են ասել՝ այդ դեպքում, եթե գիտեք, ՀՀ դատարանում հնարավոր չէ խախտված իրավունքի վերականգնման հարցում արդյունքի հասնել, ինչի՞ եք դիմում դատարան: Այսինքն՝ եթե այդ ուժերը որոշում են մասնակցել, գուցե գտնում են, որ այդ մասնակցության ձևով հնարավոր է ոչ թե՝ կոնկրետ արդյունքների հասնել, այլ՝ այն այդ արդյունքներին հասնելուն ուղղված որոշակի կարևոր քայլերից մեկն է: Բայց ես անձամբ այդ ուղղությամբ ջանք գործադրելու ցանկություն չունեմ, որովհետև գտնում եմ, որ Սերժ Սարգսանը նախաձեռնել է մի այնպիսի գործընթաց, որի ողջ իմաստն իշխանության պարտադրումն է:

Ազդեցության ուրիշ մեխանիզմներ, գործիքներ պետք է մտածվեն, որպեսզի այդ համակարգի վրա ճնշում լինի, որովհետև այդ համակարգի բուն բովանդակությունը կայանում է պարտադրանքը»:

Տեսանյութեր

Լրահոս