40 երկրի ավելի քան 260 մարդ է տուժել Բրյուսելի ահաբեկչությունների հետևանքով. Բելգիայի առողջապահության նախարարություն
40 երկրի ավելի քան 260 մարդ է տուժել Բրյուսելի ահաբեկչությունների հետևանքով, զոհերի թիվը 31-ն է, սակայն այդ տվյալները վերջնական չեն: Այդ մասին հայտնել է Բելգիայի առողջապահության ու սոցիալական գործերի նախարար Մագի դե Բլոկը:
«Բրյուսելի 3 պայթյունների հետևանքով տուժել է ավելի քան 260 մարդ 40 պետությունից»,- նշել է բելգիացի նախարարը:
«Զոհերի թիվը դեռ վերջնական չէ: Մենք դեռ զոհերի թիվը գնահատում ենք 31»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր 34 զոհի ու 230 տուժածների մասին:
Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան երկու պայթյուն էր որոտացել Բրյուսելի «Զավենտեմ» միջազգային օդանավակայանում՝ քաղաքի հյուսիս-արևելքում:
Ահաբեկչություններից հետո Բելգիայում սպառնալիքի մակարդակը բարձրացվել էր՝ հասցվելով առավելագույն մակարդակի: Երկրի իշխանությունները փակել էին սահմանները: