
Հրեշտակների դասերը

Գիտե՞ք, որ հրեշտակների դասերն ինն են` Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Իշխանություններ, Տերություններ, Զորություններ, Պետություններ, հրեշտակապետներ, հրեշտակներ:
«Հրեշտակ» բառը նշանակում է դեսպան, պատգամաբեր, նրանք Աստծո պատգամաբերներն են, որոնք իրականացնում են Տիրոջ կամքը: Հրեշտակները երկնաբնակ են, անմարմին, իմացական, մշտաշարժ, չունեն մանկություն, ծերություն և սեռ:
Հրեշտակները գործուն մասնակցություն ունեն մարդու կյանքում. երբ նախածնողները վտարվեցին դրախտից, Աստված Քերովբեներին հրամայեց բոցեղեն սրով հսկելու դեպի կենաց ծառը տանող ճանապարհները (Ծննդ. Գ 24), Հրեշտակապետն ավետեց Մարիամին Հիսուսի ծննդյան մասին (Ղուկ. Ա 26-28), հրեշտակը հովիվիներին Փրկչի ծննդյան մասին (Ղուկ. Բ 9-11), հրեշտակները ծառայում էին Հիսուսին անապատում փորձության ժամանակ (Մատթ. Դ 11), հրեշտակն ուժ էր տալիս Հիսուսին Գեթսեմանիի այգում (Ղուկ. ԻԲ 43), հրեշտակն ավետեց յուղաբեր կանանց Հիսուսի հարության մասին (Մատթ. ԻԸ 2-7):
Յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը (տե՛ս Մատթ. ԺԸ 10): Հրեշտակների թվի մասին Ս. Գիրքն ասում է, որ նրանք «հազար-հազարավորներ, բյուր-բյուրավորներ» են: Իբրև լուսեղեն էակներ` հրեշտակները ստեղծվել են առաջին օրը լույսից և բնակվում են վերին երկնքում, որն աստվածության անշարժ աթոռն է:
armchurch.info