Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը մոտ կիսով չափ կրճատվել է
Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 2,2 մլրդ դոլար, ինչը 45,5 տոկոսով փոքր է` 2015 թվականի նույն ժամանակաշրջանի հետ համեմատ:
Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին:
Այս տարվա երկու ամիսներին արտահանվել է 1 մլրդ 223,4 մլն դոլարի ապրանք, ինչը 47,6 տոկոսով փոքր է, քան անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում: Արտահանման կառուցվածքում նավթի, նավթային արտադրանքի եւ բնական գազի տեսակարար կշիռը կազմել է 85,7 տոկոս:
Մասնագետների հաշվարկներով` երկու ամիսների ընթացքում ոչ նավթային ապրանքների արտահանումը կազմել է 175,3 մլն դոլար, ինչը 177,3 մլն դոլարով փոքր է 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ:
2016 թվականի հունվարի համեմատությամբ, փետրվարին Ադրբեջանից արտահանումը 90,6 մլն դոլարով կրճատվել է, իսկ ներմուծումը 104,7 մլն դոլարով ավելացել է:
Ըստ «Ազադլըգ» ռադիոկայանի` ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն համոզմունք է հայտնել, որ «Ադրբեջանի տնտեսության անկումն արդեն երեք ամիս է` սկսված է»:
«Նրա խոսքով` այս տարվա հունվարին արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է անցյալ տարվա նույն ամսվա երեք քառորդը: Այդ ժամանակաշրջանի համեմատ` ոչ նավթային հատվածի արտահանման ծավալը կիսով չափ կրճատվել է:
«Ամենաանհանգստացնողը ոչ նավթային հատվածում արտադրության եւ արտահանման մեջ խորն անկման միտման առկայությունն է: Հիշյալ ժամանակաշրջանում սպառողական գների ինդեքսը 11,7 տոկոսով, մթերքների գները` 14,8 տոկոսով, ոչ մթերային արտադրանքի գինը 15,7 տոկոսով աճել են: Դրա դիմաց բնակչության եկամուտներն աճել են ընդամենը 10 տոկոսով», -գրել է Իբադօղլուն` նշելով, որ երկու անգամ (27,5 տոկոսով) աճել է խնդրահարույց վարկերի (չվերադարձվող) ծավալը:
The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: