Բաժիններ՝

SOS Գյումրիի առաջին լոտը՝ Յուրի Ջորկաեֆի ստորագրությամբ գնդակը. մեկնարկային գինը՝ 35.000 դրամ (տեսանյութեր)

SOS Գյումրի նախաձեռնությունն աճուրդի է հանել առաջին լոտը, որի վաճառքից ստացված գումարն ուղղվելու է Գյումրիի անօթևան 13 ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու նպատակով: Ըստ նախաձեռնողների՝ աճուրդի առաջին փուլն անցկացվելու է առցանց՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Եվ այսպես, առաջին լոտը ֆրանսահայ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի գնդակն է:

Մեկնարկեց SOS Gyumri բարեգործական աճուրդի 1-ին փուլը (անցկացվելու է առցանց)
«Լոտ N1 Յուրի Ջորկաեֆի ստորագրությամբ գնդակը. մեկնարկային գինը՝ 35․000 դրամ։
Հայկական արմատներով ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է 1998թ․ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի 2000թ․ չեմպիոն։ Ֆրանսիայի հավաքականում հարձակվողն 82 խաղում խփել է 28 գոլ։ Ակումբային կարիերայում Ջորկաեֆը հանդես է եկել նաև «Մոնակոյում», «Պարի Սեն-Ժերմենում» և «Ինտերում»։ Մարզական կարիերայում անցկացրած 581 խաղում նա խփել է 196 գոլ։

Կանոնակարգ․ Մեկնաբանությունների դաշտում, գնից բացի, ցանկացած այլ գրառում կհեռացվի, նվազագույն քայլը 1000 դրամ է, լոտը կվաճառվի վերջին նշված գնից 48 ժամ հետո:

Եղեք ակտիվ»,-գրված է SOS Գյումրիի ֆեյսբուքյան էջում:

Ըստ կազմակերպիչների՝ աճուրդն անցկացվելու է երկու փուլով: Երկրորդ փուլը, հնարավոր է, տեղի ունենա արտերկրում:

Հիշեցնենք, որ բացի այս գնդակից՝ աճուրդի են հանվելու Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկները՝ իրենց ստորագրությամբ, ինչպես նաև Հ. Մխիթարյանի ու «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներ Խորեն Հովհաննիսյանի ու Սերգեյ Բոնդարենկոյի ստորագրությամբ գնդակներ, Ռուդ վան Նիստելրոյի, Կլարենս Զեեդորֆի, Ջենարո Գատուզոյի մակագրությամբ իրենց լուսանկարները, «Բարսելոնայի» դրոշը, որի վրա 2009 թվականին ստորագրել են Լիոնել Մեսսին, Թիերի Անրին, Չավին, Անդրես Ինիեստան, Պույոլը և թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկը, որի վրա վերջերս ստորագրել են թիմի առաջատարները: «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկը շուտով կլինի Հայաստանում:

Աճուրդին միացել են նաև «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը, օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ու Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:

Ի դեպ, այս պահին Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, տեղի է ունենում SOS Գյումրի նախաձեռնության դրամահավաք-համերգը:

Հիշեցնենք, որ դրամահավաքին անդրադարձել էին միջազգային լրատվամիջոցները, աջակցություն է ցուցաբերել ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, ինչպես նաև՝ ԱՄՆ-ից հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը: Իսկ գյումրեցի դաշնակահար Տիգրան Համասյանն անօթևաններին աջակցելու նպատակով Գյումրիի տնակային ավաններից մեկում փետրվարի 28-ին բարեգործական համերգ ունեցավ:

Իսկ օրեր առաջ քաղաքացիական նախաձեռնությանը միացավ նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը ՝ 10 բնակարաններ նվիրաբերելով անօթևան ընտանիքներին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը տեղեկացրել էր, որ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ՀԷՑ ընկերության անունից մինչև 60 մլն դրամի սահմաններում ձեռք է բերվելու 10 բնակարան և նվիրաբերվելու է Գյումրիի անօթևան ընտանիքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս