Գայլի հարձակումից տուժած կնոջը պատրաստում են վերականգնողական վիրահատության
Վայոց ձորի Խաչիկ գյուղում գայլի հարձակումից տուժած 75-ամյա Ռոզա Հարությունյանին պատրաստում են վերականգնողական վիրահատության: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը, կնոջ մոտ արձանագրվել են դեմքի և վերին վերջույթների վնասվածքներ: «Միկրովիրաբույժն ու դիմածնոտային վիրաբույժը զննել են հիվանդին, կատարվել են համակարգչային տոմոգրաֆիա և անհրաժեշտ այլ հետազոտություններ: Որոշում է կայացվել վերականգնողական վիրահատություն իրականացնել»,-ասաց Շուշան Հունանյանը: Նրա խոսքով` վիրահատությունը երկարատև կլինի ու դրանից հետո միայն կարելի կլինի խոսել վերքերի խորության մասին: Բացի այդ` բժիշկների կանխատեսմամբ` որոշակի ժամանակ հետո անհրաժեշտ կլինի կատարել նաև պլաստիկ վիրահատություն:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին` ժամը 07:30-ի սահմաններում, Խաչիկ գյուղից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ գյուղի տներից մեկում դեմքի մասում ստացած վնասվածքներով անօգնական կին կա և նրան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ կնոջ վրա հարձակվել է գայլը և վնասվածքներ հասցրել դեմքի շրջանում: Նրան տեղափոխել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը, վիրակապվել են վերքերը: