ՀՀ ԿԲ-ը լրացումներ է կատարել բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքում
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացվել է լրացում, որը հնարավորություն է տալիս ՀՀ կենտրոնական բանկին, կախված բանկի ռիսկայնության մակարդակից, սահմանել ավելի բարձր երաշխիքային վճարներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Այս փուլում որպես բանկի գործունեության ռիսկայնության ցուցանիշ` Կենտրոնական բանկը համարում է արտարժութային ավանդների ներգրավման նպատակով բանկի կողմից վարվող բարձր տոկոսադրույքային քաղաքականությունը: Մասնավորապես` այն բանկերը, որոնք ներգրավում են առավել բարձր տոկոսադրույքով ավանդներ, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին պետք է վճարեն համապատասխանաբար ավելի բարձր երաշխիքային վճարներ:
Տարբերակված երաշխիքային վճարների կիրառումն առավել արդարացի է դարձնում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցների ձևավորման գործընթացը:
ԿԲ խորհրդի կողմից մարտի 15-ի նիստում «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից ՀՀ ԿԲ երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման» կարգում կատարված փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ մի կողմից, տարբերակված երաշխիքային վճարների համակարգի ներդրումը միջնաժամկետ հատվածում կհանգեցնի շուկայում ձևավորված տոկոսադրույքների միջին մակարդակի նվազեցմանը` նպաստելով վարկային ռեսուրսների հասանելիության բարելավմանը, մյուս կողմից, կնպաստի ՀՀ կեն տրոնական բանկի կողմից որդեգրված ապադոլարայնացման քաղաքականությանը՝ հանգեցնելով ՀՀ դրամով ավանդների գրավչության բարձրացմանը: