«Օրանժ»-ն ապրիլից կփոխի գույնը. «Յուքոմը» խոստանում է միջազգային մակարդակի ծառայություններ
Բջջային կապի ու շարժական ինտերնետի ծառայություններ մատուցող «Օրանժ» ապրանքանիշն այսուհետ հանդես կգա «Յուքոմ» ապրանքանիշի ներքո` փոխելով նարնջագույնը կանաչի: Ապրիլին նախկին «Օրանժ Արմենիա» ընկերության սպասարկման 80 կենտրոնները նորովի հանդես կգան` մատուցելով Յուքոմի ծառայություններ: «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանի խոսքով` երկու ընկերությունների միացումը հնարավորություն կընձեռի բարելավել ծառայությունների որակը` տրամադրելով արդեն չորս ծառայություն, որոք կլինեն «Յուքոմ» ընկերության բրենդի ներքո: «Ինչպես գիտեք, «Յուքոմ»-ը մատուցում է երեք ծառայություն` ինտերնետ հասանելիության, հեռախոսակապի և IP հեռուստատեսության, իսկ «Օրանժ Արմենիա»-ն բջջային կապի առաջատար ընկերություններից է: Այն առաջինը ներդրեց «3G+» ցանցը դեռևս 2009-ին ու ուներ ամենամեծ 3G ծածկույթը Հայաստանում: Այն այսօր էլ մեծ դեր ունի հայաստանյան մոբայլ շուկայում ու որակյալ ինտերնետ ծառությունների մատուցմամբ է աչքի ընկնում: Երկու ընկերությունների միավորմամբ մենք առավել կբարելավենք մեր կողմից մատուցվող ծառայությունների որակն ու քանակը,- ասաց Հայկ Եսայանը` հավելելով, որ հեռահաղորդակցության ոլորտում հայաստանյան շուկան բավականին զարգացած է, իսկ ոլորտի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններն առավել որակյալ են անգամ մի շարք եվրոպական երկրների համեմատ:
Նա նշեց, որ «Յուքոմ»-ի որդեգրած քաղաքականության արդյունքում կբարելավվի «Օրանժ»-ի ողջ ենթակառուցվածքը: Առաջին քայլն արդեն արվել է, «Յուքոմ»-ը սկսել է ներդնել գերժամանակակից LTE ռադիոհասնելիության ցանց Հայաստանի ողջ տարածքում: «Մենք ունենալու ենք ծառայությունների բազմատիպ շերտ, որը հնարավոր կլինի ստանալ մեկ ընկերությունից, մեկ հաշվով ու որակական բարձր չափանիշներով»,-ավելացրեց ընկերության տնօրենը:
Նա հավաստիացրեց, որ երկու ընկերությունների միացման արդյունքում համատարած կրճատումներ չեն լինելու, այլ նոր աշխատատեղեր են ստեղծվելու:
«Յուքոմ» ընկերության մարքետիգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը նկատեց, որ աշխարհահռչակ «Օրանժ» բրենդի վերափոխումն իրականացնելն իրենց համար մեծ մարտահրավեր է: «Յուքոմ»-ը փորձել է առնվազն պահպանելով ամենալավը, որ ուներ «Օրանժ»-ը, փոխացնել մեր բաժանորդներին: Մենք փորձել ենք ասել, որ ժամանակն է փոխվելու, գնալու առաջ, ժամանակն է լավ ու բարի լուրեր ստանալու»,-ասաց Տիգրան Սաֆարյանը: Նա տեղեկացրեց, որ փոփոխությունները կկատարվեն ողջ ապրիլի ընթացքում: «Որպես ապրանքանշան` մենք դիրքավորվելու ենք շուկայ ում որպես հայկական ընկերություն, բայց միաժամանակ մատուցելու ենք միջազգային մակարդակի ծառայություններ»,-ընդգծեց նա:
«Յուքոմ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանն էլ շեշտեց, որ շարունակվելու են նորարար ծառայությունների մատուցումը: «Մեր հետագա կոնցեպտն ուղղված է լինելու բաժանորդների առավել հարմարավետության ապահովմանը: Մենք շարունակելու ենք զարգացնել նոր վճարահաշվարկային համակարգերի, բջջային հեռուսատեսության օգտագործումը»,-ասաց նա:
«Յուքոմ»-ի ներկայացուցիչները վստահեցրին, որ «Օրանժ Արմենիա»-ի բաժանորդները պայմանագրերը վերակնքելու անհրաժեշտություն չեն ունենալու. «Յուքոմ»-ն ամբողջությամբ «Օրանժ Արմենիա»-ի իրավահաջորդն է: