«Արևմուտքը տեսավ, որ Հայաստանում գունավոր հեղափոխություն անելու պոտենցիալ չկա»
168.am-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը
– Պարոն Բադալյան, ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստ են ընդունել ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ ընդդիմության և քաղհասարակության հետ Ընտրական նոր օրենսգիրքը «4+4+4» ձևաչափով բանակցելու և քննարկելու առաջարկը: Ըստ Ձեզ՝ դա ի՞նչ արդյունքներ կարող է ունենալ՝ հաշվի առնելով, որ մի շարք ընդդիմադիր ուժեր արդեն իսկ մերժում են միանալ այդ քննարկումներին՝ ասելով, որ միևնույն է՝ իշխանություններն իրենց համար սկզբունքային դրույթներից չեն հրաժարվի, ու այդ ամենն անիմաստ է:
– Այստեղ կարևորն այն է, թե Ընտրական օրենսգիրքը վերջնական ինչ տեսք կստանա, թե ինչ քայլերով կհասնեն դրան: Դա ունի երկրորդական նշանակություն, կլինի «4+4+4», «10+10+10» ձևաչափով՝ դա այդքան էլ էական չէ: Այստեղ պարզ է, որ ՀԱԿ-ն այդ տեսակետն առաջ է քաշում մի նպատակով, որպեսզի հասարակության գիտակցության մեջ ստեղծի այն պատկերը, որ կա իշխանություն, կա ընդդիմություն, և կա քաղհասարակություն, որոնք հավասար ուժեր են և բանակցում են մեկ Ընտրական օրենսգիրք ընդունելու համար: Այսինքն՝ սա ավելի շատ արվում է հասարակության գիտակցության մեջ որոշակի պատկեր ստեղծելու համար:
Իշխանության համար կարևորն այն չէ, թե ընդդիմությունն ինչ ֆորմատով կմասնակցի Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացին: Եթե ընդդիմությունն ունենա արտաքին քաղաքական կենտրոններից աջակցություն, ապա, բնականաբար, իշխանությունն առանց այդ ֆորմատի՝ ստիպված կլինի ընդունել իր համար ոչ ցանկալի և ընդդիմության համար ցանկալի Ընտրական օրենսգիրքը: Իսկ եթե ընդդիմությունը չունենա այդ կշիռն ու չստանա արտաքին աջակցություն, ապա, անկախ որևէ ֆորմատից, դա արդյունք չի տա: Այսինքն՝ այստեղ կարևորն արդյունքն է, այլ ոչ թե՝ արդյունքին հասնելու ճանապարհը:
– Դուք այս պահին տեսնո՞ւմ եք արտաքին ուժերի կողմից աջակցություն որևէ ուժի՝ հաշվի առնելով նաև, որ ՀԱԿ-ն առաջարկությունների միասնական պլատֆորմ ստեղծելուց առաջ նշում էր, որ հիմա միջազգային կառույցների դիրքորոշումն է որոշակի առումով փոխվել, կարելի՞ է ենթադրել, որ իրենք ունենք այդ «որոշակի» արտաքին աջակցությունը և կկարողանան հաջողել իրենց առաջարկություններն անցկացնելու առումով:
– Կկարողանա՞ն իրենք հաջողել իրենց առաջարկություններն անցկացնելու առումով, թե՞ չեն կարողանա, դա մի քիչ դժվար է ասել: Բայց նկատելի է, որ Արևմուտքն ավելի ու ավելի է խստացնում իր վերաբերմունքը Հայաստանում Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացի վերաբերյալ: Այսինքն՝ արդեն տեսանելի է դառնում, որ Արևմուտքն ավելի ու ավելի է շահագրգռված դառնում Հայաստանում նորմալ, ազնիվ ու արդար ընտրություններ անցկացնելուն ուղղված Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացում: Թե դա ի՞նչ արդյունք կտա, այս պահի դրությամբ չեմ կարող ասել, բայց, որ Արևմուտքն իր դիրքերը սկսում է խստացնել, դա մի քիչ արդեն տեսանելի է:
– Իսկ դա, Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված:
– Եթե դուք դիտարկեք ԱՊՀ երկրներում տեղի ունեցած իշխանափոխությունները, ապա կտեսնեք, որ ԱՊՀ երկրներում հիմնականում իշխանափոխություն են իրականացնում ոչ Ընտրական գործընթացի միջոցով: Այսինքն, այսպես կոչված՝ գունավոր հեղափոխությունների միջոցով՝ Ուկրաինան, Վրաստանը, Ղրղըզստանը, և այլն: Ի տարբերություն դրա՝ Մոլդավայում և Հայաստանում հասարակությունը չունի այն պոտենցիալը, որ գունավոր հեղափոխության միջոցով իշխանության գա, բայց հասարակությունն ունի այնքան պոտենցիալ, որպեսզի ընտրությունների միջոցով իշխանությունը կարողանա փոխել:
Այսինքն՝ որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանում իշխանափոխությանը կարող է նպաստել միայն արդար, ազատ ընտրությունների ինստիտուտը, իսկ դա ձեռք է տալիս Արևմուտքին: Մի քանի անգամ փորձեցին, տեսան, որ Հայաստանում գունավոր հեղափոխություն անելու պոտենցիալ չկա: Այսինքն՝ հնարավոր չէ համակարգ փոխել փողոցի միջոցով, Հայաստանում հնարավոր է համակարգ փոխել միայն արդար ընտրությունների միջոցով:
– Իսկ Ռուսաստանն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Ընտրական օրենսգքրի մշակման գործում:
– Ռուսաստանի համար այնքան էլ էական չէ՝ այստեղ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ: Նրա համար էական է, որ այստեղ լինեն այնպիսի իշխանություններ, որոնք ՌԴ-ի նկատմամբ բացասաբար տրամադրված չլինեն: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կփորձի Հայաստանի իշխանություններին այլընտրանք իշխանություններ ունենալ: ՌԴ-ն կուզենա, որ Հայաստանի իշխանությունների այլընտրանքային բևեռը լինի, որպեսզի, այսպես ասած, փողերը մի բանկում չպահեն, այլ՝ մի քանի տարբեր բանկերում:
– Ձեզ համար տեսանելի՞ է՝ ո՞ր ուժն է այդ այլընտրանքային բևեռը:
– Այս պահին չի երևում, բայց դեռևս ժամանակ կա, չի բացառվում, որ կստեղծվի:
– Որքանո՞վ եք հավանական համարում, որ այդ այլընտրանքային բևեռը կլինի Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից ստեղծվելիք կուսակցությունը:
– Չի բացառվում: Ռուսաստանն ուղղակի ուզում է մի քանի խաղացողներ ունենալ. սովորական երևույթ է՝ իրենք փորձում են տարբեր տեղերում շատացնել իրենց խաղացողներին, որ իրենց քաղաքականությունը կարողանան ավելի հեշտությամբ առաջ տանել: