«Որպեսզի այդ փաստաթուղթը լինի գործուն, մեր պաշտոնյաները գոնե պետք է կարդան այն». Անահիտ Բախշյան
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն ասյօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարի հրամանով սահմանված հանրապետության հանրակրթական հաստատությունների ներքին գնահատման ձևն ունի թերություններ:
Օրենքի պահանջն է՝ որքան հնարավոր է՝ բարելավել դպրոցների գործունեության հաշվետվողականության մեխանիզմը և գործունեության թափանցիկությունը, այսինքն՝ դպրոցն ուսուցչի, համայնքի համար պետք է լինի բաց, թափանցիկ աշխատող:
«Յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 5-ը հաստատության տնօրենը պետք է այդ հաշվետվությունը ներկայացնի մանկավարժական խորհրդին, կառավարման խորհրդին, ծնողական, աշակերտական խորհուրդներին և երկշաբաթյա ժամկետում ապահովի դրա հրապարակումը տվյալ ուսումնական հաստատության համար տեսանելի տեղում, տեղական կամ հանրապետական մամուլում, նախարարության պաշտոնական կայքում: Երբ այդ կայքն ուսումնասիրել եմ՝ Երևանի թվով 159-ը դպրոցներից միայն 43-ն են տեղադրել այդ հաշվետվությունը, և այն էլ՝ ոչ լիարժեք: Ինչի՞ն չեն անդրադառնում դպրոցները:
Այստեղ պահանջ կա՝ ընտանիքները, ծնողները և համայնքները հաստատությանն օգնում են դրամական կամավոր ներդրումներով՝ գույքով կամ նյութերով, ինչպես նաև՝ միջոցառումների կազմակերպման և դրանց մասնակցությամբ, և սա խրախուսվում է: Այնտեղ տող կա, որի դիմաց դպրոցը պետք է գրի, թե որքան գումար է եղել համայնքի կողմից, ոչ մի տեղ այդ չի լրացվել:
Մի կողմից, ասում ենք, որ սա կամավոր ներդրում է, համայնքը պետք է մասնակցի, և այս պահանջին զուգահեռ՝ մարտի 8-ից առաջ ու տարբեր առիթներով սկսում են վերից վար պաշտոնյաները «հակադրամահավաք» տգեղ բառն օգտագործել ու արգելել դա, բաց չեն ասում՝ դրամահավաքը ո՞րն է. դա կաշառքն է , թող ասեն՝ կաշառք տալ չի կարելի: Բայց դրանով նսեմացնում են մանկավարժին. ստացվում է, որ մանկավարժը, բան ու գործը թողած՝ դրամահավաք է անում: Մանկավարժին դրամահավաք պետք չէ, դա պետք է դպրոցին: Խոսքը դրա մասին է՝ անպատվաբեր դրամահավա՞ք, թե՞ կամավոր ներդրում»,- ասաց Ա. Բախշյանը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը համաձայնեց Ա. Բախշյանի հետ այն իմաստով, որ ուսուցչի հեղինակությունը չպետք է տուժի:
«Մենք այսօր ուսուցչին դարձրել ենք բյուրոկրատ, ավելորդ թղթաբանությունից կախված: Ես համաձայն եմ, որ չի կարելի մեծ չափերի նվերներ տալ, բայց ուսուցիչն էլ է կին, շատ ու շատ երկրներում կա ուսուցիչների մեծարման օր, ուսուցիչների երախտագիտության օր: Այնտեղ այլ կերպ է նշվում: Այստեղ խնդիրն ուրիշ դաշտում է՝ մենք ինչպե՞ս կարողանանք սահմանը դնել ու ուսուցչին տեղի-անտեղի չքարկոծենք: Ուսուցչի հեղինակությունն ազգային անվտանգության լուրջ խնդիր է, որովհետև կրթությունն ինքնին ազգային անվտանգության ոլորտ է, և սրա հիմքում դրված է ուսուցիչը: Վատը լավի հետ խառնելու խնդիր ունենք: Այն, ինչ գրված է ներքին գնահատման փաստաթղթում, ընդամենը գրված է»,- նշեց պատգամավորը:
Անահիտ Բախշյանն ավելացրեց՝ որպեսզի այդ փաստաթուղթը լինի գործուն, մեր պաշտոնյաները գոնե պետք է կարդան այն. «Երբ դպրոցի ներքին գնահատման փաստաթուղթը կարդան և հստակեցնեն, թե դրամահավաքն ինչ է, կամավոր ներդրումն ինչ է՝ խնդիրը կլուծվի: Թող պաշտոնյաներն ասեն՝ ինչն են արգելում, երբ ամեն ինչ մի բառի տակ են ասում, հեղինակազրկում են ծնողների կողմից բոլոր տեսակի կարևոր նախաձեռնությունները, հասարակության մոտ հակակրանք են առաջացնում»:
Ռ. Մինասյանն ի պատասխան Ա. Բախշյանի այդ դիտարկմանը՝ արձագանքեց, թե Կրթության ազգային ինստիտուտն էլ է պաշտոնական մարմին, թող մասնակցեր փաստաթուղթը կազմելուն: Անահիտ Բախշյանը հակադարձեց. «Մեղավորին գտա՞նք»: