Նավթն էժանանում է ԱՄՆ-ից ստացված նորությունների պատճառով
Նավթի գներն այսօր նվազում են դոլարի ամրապնդման, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող հորատման սարքերի թվի ավելացման ֆոնին: Վերլուծաբանների կարծիքով՝ սարքերի աճի ավելացումը կարող է նշան լինել, որ Ամերիկայում հում նավթի արդյունահանման ծավալների զգալի նվազում այդպես էլ կարող է տեղի չունենալ:
Այսպես, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գներն այսօր առավոտյան նվազել են 0,58%-ով՝ մինչև 40,06 դոլար՝ 1 բարելի դիմաց, վկայում են Bloomberg-ի տվյալները:
Նյու Յորքի առևտրային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI ապրանքանիշի նավթի պայմանագրերի գները նվազել են 1,42%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 38,88 դոլար:
Baker Hughes Inc. նավթային ընկերությունը մարտի 18-ի երեկոյան հայտնել էր, որ ԱՄՆ-ի նավթահանքերում գործող հորատման սարքերի թիվը հասել է 387-ի: Մինչ այդ՝ մի քանի շաբաթվա ընթացքում, այդ ցուցանիշը միայն նվազում էր, ու այն ներկայում ցածր է անցած տարվա ցուցանիշից 50%-ով: Ընդ որում՝ նավթարդյունահանումը ԱՄՆ-ում նվազել է 7%-ով: