Խմբակցության դռնբաց նիստում պարզ կդառնա՝ կե՞ղծ էր օրակարգը, թե՞ ոչ

«Թե՛ Նիկոլ Փաշինյանը, և թե՛ Սասուն Միքայելյանը եղել են Հայ ազգային կոնգրես դաշինքի ցուցակում, և այդ տեղերը, որի մասին Նիկոլ Փաշինյանն է բարձրաձայնել, պատկանում են ոչ թե՝ ՀԱԿ կուսակցությանը, այլ՝ ՀԱԿ դաշինքին: Եվ դրանց տնօրինման ու բաշխման հարցում որքան էլ կարևոր է դաշինքի ցուցակով անցած մյուս պատգամավորների և ցուցակում ընդգրկվածների կարծիքը, այնքան էլ՝ Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի կարծիքը: Ելնելով նրանից, որ Սասուն Միքայելյանն առաջադրվել է Հրազդանում, և, որ այդ դաշինքի ձայների ապահովման հարցում նա մեծ ներդրում է ունեցել, պետք է աջակցություն ցուցաբերել, և այդ տեղերում Սասուն Միքայելյանի շտաբը նշանակի հանձնաժողովների անդամներին:

Նիկոլ Փաշինյանը նաև առաջարկել էր՝ այդ տեղերի հետ կապված խմբակցության նիստ հրավիրվի և, քանի որ անկախ որոշ հանգամանքներից, որոշակի հնչեղություն է ստացել այս հարցը, Նիկոլ Փաշինյանն առաջարկել է, որպեսզի նիստը լինի դռնբաց, լրագրողների ներկայությամբ, և այնտեղ արդեն պարզ կդառնա՝ կե՞ղծ էր օրակարգը, կեղծ չէ՞ր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը «կեղծ օրակարգ է փաթաթում»:

Արդյոք ՔՊ-ն չի՞ վստահում Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կազմակերպման համար ձևավորվող թվով 28 ընտրատեղամասերում հանձնաժողովների ՀԱԿ անդամներին, Ա.Հարությունյանը պատասխանեց, որ որքան էլ վստահեն կամ չվստահեն, նախ՝ անցած հանրաքվեն ցույց տվեց, որ, թեպետ ՀԱԿ կուսակցությունը հայտարարել էր, որ 1700 տեղից ավելի հանձնաժողովի անդամներ է նշանակել, իսկ հանրաքվեից հետո հայտարարեց, որ համատարած ու աննախադեպ կեղծիքներ են տեղի ունեցել, բայց բոլոր այդ հանձնաժողովների անդամների կողմից բողոքարկվեց ընդամենը 30-40 տեղամաս:

ՔՊ վարչության նախագահը հարցադրում արեց, որ, եթե հաշվի առնենք, որ «ոչ»-ը հաղթել է մոտ 550 տեղամասերում, ապա ինչո՞ւ մյուս 1100-1200 տեղամասերում, որտեղ, ըստ ՀԱԿ-ի, տեղի են ունեցել աղաղակող խախտումներ, այդ հանձնաժողովի անդամները չեն բողոքարկել հանրաքվեի արդյունքները.

Կարդացեք նաև

«Ելնելով պարզապես պրագմատիկ այս հաշվարկից և իրողություններից՝ մենք գտել ենք, որ Հրազդանի ընտրություններում Սասուն Միքայելյանի շտաբի կողմից նշանակված հանձնաժողովի անդամները շատ ավելի լավ կվերահսկեն ընտրությունները: Այս համատեքստում, եթե նույնիսկ ինչ-ինչ հանգամանքներում այդ տեղերում հանձնաժողովների անդամներ չնշանակվեն Սասուն Միքայելյանի շտաբի կողմից առաջադրված թեկնածուները, ՔՊ կուսակցությունը շատ ուշադիր կհետևի ՀԱԿ կուսակցության կողմից նշանակված հանձնաժողովականներին և դրանից հետո նոր եզրակացություն կանի, թե ինչպիսի գործունեություն են նրանք ծավալել, և արդյո՞ք նրանց գործունեությունը հանձնաժողովներում արդյունավետ է: Եթե արդյունավետ կլինի, ըստ օրենքի կգործեն, կանենք ամեն ինչ, որպեսզի ընտրախախտումներ չլինեն, կընդունենք ի գիտություն, որովհետև դա, ի վերջո, իրենց պարտականությունն է՝ այնտեղ օրինականություն պաշտպանելը: Եթե չեն գործի ըստ օրենքի կամ հավուր պատշաճի չեն վերահսկի ընտրական գործընթացը, այն ժամանակ նոր մենք համապատասխան եզրակացություն կանենք և հայտարարությամբ հանդես կգանք»:

Թե ի՞նչն է խնդիրը, որ Լևոն Զուրաբյանը կարող է Վարդան Օսկանյանի անձի դեպքում խնդիր չտեսնել, եթե նա ստորագրի միասնական պլատֆորմի ԸՕ առաջարկների տակ, իսկ իրենց նախկին գործընկերոջ հետ նման կերպ են վարվում, Ա. Հարությունյանը դժվարացավ պատասխանել և միայն նշեց. «Այս հարցում գործում ենք բացառապես օրենքի և իրավունքի դաշտում, տեղերը վերապահված են ՀԱԿ խմբակցությանը, Նիկոլ Փաշինյանը խմբակցության անդամ է, Սասուն Միքայելյանը ՀԱԿ դաշինքի անդամ է եղել, ցուցակի 13-րդ համարն էր, Հրազդանում մեծ քանակությամբ ձայներ է ապահովել, դրանից ելնելով՝ մենք հարցադրում ենք առաջ քաշել և մինչև վերջ հետամուտ ենք լինելու»:

Նշենք, որ Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ Կոնգրեսն իր պարտականություններն օրենքի առաջ բոլորից լավ միշտ կատարել է, և Հրազդանի ընտրություններում հանձնաժողովների ՀԱԿ անդամները բոլորից լավ կպայքարեն օրինական ընտրական գործընթացի համար:

ՀԱԿ-ը Հրազդանի ՏԻՄ ընտրություններում թեկնածու չի առաջադրել: Ապրիլի 17-ին կայանալիք ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը:

Տեսանյութեր

Լրահոս