«Կադրերի բաժին N 168»-ում Արփի Ոսկանյանն է. «Սուֆրաժիստուհին»
«Կադրերի բաժին N 168»-ում այս և առաջիկա շաբաթվա ընթացքում իր նախընտրած երկու ֆիլմերը կառաջարկի ժամանակակից գրող Արփի Ոսկանյանը: Գարնան միամսյակին նվիրված նրա առաջարկով մեր ընթերցողներն այս շաբաթ հնարավորություն ունեն ծանոթանալու բրիտանական արտադրության 106 րոպե տևողությամբ ֆիլմ-դրամայի, որ նկարահանվել է 2015 թվականին. ռեժիսոր Սառա Գավրոնի և դերակատարներ Քերի Մալիգանի, Հելենա Բոնեմ Քարթերի, Մերիլ Սթրիփի մասնակցությամբ:
Իր առաջարկած երկու ֆիլմերից առաջինի մասին Արփի Ոսկանյանը, գրողին հատուկ պատկերավոր ձեռագրով, ծանոթացնում է. «Քանի որ կանանց միամսյակն է, «168 Ժամի» ընթերցողներին կցանկանայի առաջարկել դիտել երկու ֆիլմ։ Առաջինը «Սուֆրաժիստուհին» բրիտանական կինոնկարն է՝ նկարահանված 2015-ին։ Ռեժիսորը կին է՝ Սառա Գավրոնը։ Կինոնկարը պատմում է իրենց իրավունքների համար պայքարող կանանց՝ սուֆրաժիստուհիների մասին։ Սուրֆաժիզմը (ֆրանսերեն suffrage նշանակում է՝ ընտրելու իրավունք) 19-րդ դարի երկրորդ կեսին ծագած շարժում է, որի նպատակը կանանց համար ընտրելու իրավունք նվաճելն էր, այն համարվում է ֆեմինիզմի առաջին ալիքը։
Ֆիլմն ունի ճանաչողական նշանակություն։ Ասելիքը ճակատային է, առանց գեղարվեստական խորամանկությունների և արվեստի մնայուն գործ ստեղծելու հավակնության։ Սակայն էմոցիոնալ մեծ ազդեցություն է գործում, որոշ հատվածներ հնարավոր չէ դիտել առանց հուզմունքի։ Հավանաբար, այդ պաստառային, հրապարակախոսական մատչելիությունն էլ այս ֆիլմը մանիֆեստի պես մի բան է դարձրել։ Չեմ կարող հաշվել անցած տարվանից մինչ օրս այս ֆիլմը նեղ միջավայրում դիտելու և քննարկելու ֆեյսբուքյան հրավերները՝ ստացված տարբեր երևանյան հասարակական-ակտիվիստական պլատֆորմներից։ Դա նշանակում է, որ այս կինոնկարում կա ինչ-որ մի բան, որը թույլ է տալիս այն դիտարկել արվեստի շրջանակից դուրս և հարյուրամյա վաղեմության իրադարձություններն ակտուալ է դարձնում մերօրյա պայքարների համատեքստում։ Հատկապես օգտակար է դիտել կանանց, ովքեր վախենում են «ֆեմինիզմ» բառից, հաճախ ծաղրով ու ատելությամբ են խոսում ֆեմինիստուհիների մասին, միաժամանակ օգտվում նրանց կյանքի գնով նվաճված իրավունքներից»:
Գարնանային մեկամսյա տոների առիթով գրող Արփի Ոսկանյանի առաջարկած երկրորդ ֆիլմը «Կադրերի բաժին N 168»-ը կներկայացնի առաջիկա շաբաթ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ.
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը