«Ես հենց նոր իմ ընկերոջ համար 40.000 դոլար կպցրեցի». Լևոն Զուրաբյան
«Համաձայն եմ, ես հենց նոր իմ ընկերոջ համար 40.000 դոլար կպցրեցի և պատրաստ եմ դրա համար պատասխանատվություն կրել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը համաձայնեց 40 հազար դոլար տալ Լ. Զուրաբյանի ընկերոջը՝ ընտրատեղամասերում տեսախցիկներով ուղիղ հեռարձակում կազմակերպելու համար:
Դիտարկմանը, թե՝ փաստորեն, իշխանությունն ընդառաջ գնաց Ձեր բոլոր առաջարկություններին, ՀԱԿ ղեկավարն ասաց, որ ինքը դեռ վստահ չէ. «Որովհետև դուք տեսնում եք, քանի անգամ ես այդ հարցը բարձրացրել եմ, իրենք ասել են՝ մենք պատրաստ ենք քննարկել: Այնքան պնդեցի իմ առաջարկը, որ իրենք ստիպված էին ասել, որ ընդունում են: Շատ լավ, որ ընդունում են, ուրեմն՝ մնացած երեք խմբակցությունների հետ մենք հիմա կկազմենք մեր ցուցակը, քաղաքացիական հասարակության հետ կբանակցենք, իրենք իրենց ցուցակը թո՛ղ տան: Մենք կներկայացնենք ցուցակն իշխանություններին: Եվ թո՛ղ իրենք կազմակերպեն այդ բանակցությունները: Լա՞վ է: Ի՞նչ եք ակնկալում այդ քննարկումներից: Լայն, հասարակական կոնսենսուսի ձևավորում: Ի՞նչ է տալու այն, որ չկա հիմա: Այս քննարկումների ֆորմատով ստացվում է, որ իրենք գալիս, խելոք-խելոք ներկայացնում են իրենց առաջարկները սեմինարային ֆորմատի նման: Մենք ընդամենը կարողանում ենք մի քանի րոպե խոսել, առաջարկություններ անել, հարցեր տալ, բոլոր այդ հարցերին իրենք պատասխանում են իշխանության բարձունքից: Եվ նաև իրենց իրավունք են վերապահում ինչ-որ բան ընդունել, ինչ-որ բան մերժել»:
Հարցին՝ դա ժամանակի կորուստ չի լինի՞, Լ. Զուրաբյանը չհամաձայնեց: Նա նշեց, որ դա իրականում կլոր սեղանի մեթոդոլոգիան է, որը կիրառվել է բազմաթիվ երկրներում՝ սկսած Չեխոսլովակիայից, Լեհաստանից: «Դա ընդդիմություն-իշխանություն-քաղաքացիական հասարակություն բանակցությունների ընդունված ֆորմատ է ժողովրդավարական անցումային երկրներում»,- նշեց Լ. Զուրաբյանը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչ երաշխիք կա, որ կընդունվեն ձեր առաջարկները, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ երաշխիքներ չկան, երաշխիքները պետք ստեղծեն իրենք, եթե ստեղծեն միասնական պլատֆորմ. «Եթե հասարակական աջակցություն ունենանք, այսինքն՝ քաղաքացիական հասարակությունը և ընդդիմադիր ուժերը դրան տեր կանգնեն, միջազգային հանրությունն էլ իր համերաշխությունն արդեն հայտնում է: Ստեղծվում է մի ճնշում, որ կարող է կոտրել իշխանական դիմադրության պատը: Մենք սրա վրա ենք աշխատում, որովհետև, եթե այդ ճնշումը չլինի, իրենք անդրդվելի են, եթե այդ ճնշումը չլինի, իրենք այդ առաջարկությունները չեն ընդունում: Մեր նպատակը հենց դա է՝ ստեղծել քաղաքական գործընթաց, որը կապահովի այնպիսի ուժգին ճնշում, որ իշխանություններն ընդունեն այդ առաջարկները»: