«Մենք 40 000 դոլար կտրամադրենք Ձեր ընկերոջը». Դավիթ Հարությունյանը՝ Լևոն Զուրաբյանին
Այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ ընթացող քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց «Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ կուսակցությանը»:
«Հնարավո՞ր է արդյոք ԸՕ-ի մշակման շուրջ կազմակերպել ռեալ քաղաքական գործընթաց, որում իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը հավասարապես ներգրավված կլինեն, հավասարաչափ ասելիքի իրավունք կունենան»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:
Նա նշեց, որ չի մերժում քննարկման այս ֆորմատը, բայց ԸՕ-ի մշակումը սովորական պրոցես չէ, ու սովորական օրենք չեն մշակում, ու պետք չէ առաջ գնալ միայն ԱԺ-ի մեխանիզմներով: Լ. Զուրաբյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն իրավունք է տալիս անվստահություն ունենալ իշխանության նկատմամբ. «Ես առաջարկում եմ քաղաքական գործընթաց, որը պետք է հիմնված լինի քաղաքական լայն կոնսենսուսի վրա: Դրա համար պետք է բանակցությունների ֆորմատ, որտեղ բոլորը կլինեն: Ի վերջո, պետք է ասել՝ դուք ընդունո՞ւմ եք այդ 4+4+4 ֆորմատը, թե՞ ոչ: Եվ ոչ թե ֆորմատն է կարևոր, այլ կարևոր է այստեղ քաղաքական բանակցությունների ձևաչափի ընդունումն իշխող կուսակցության կողմից»:
Նա նաև նշեց, թե իր ընկերը կազմակերպել է տեսախցիկի տեղադրման փորձնական տեսագրություն, ու այն արժեցել է 20 դոլար. «Ամենացածր որակով կարելի է մոտ 40 հազարով լուծել 2000 տեղամասերի վիդեոտեղադրումը»:
Ի պատասխան Լ. Զուրաբյանի առաջարկներին՝ Դ. Հարությունյանը նշեց, որ ֆորմատ հնարավոր է. «Բայց եթե դուք ենթադրում եք, որ այն որոշում է կայացնելու քվեարկության, ապա՝ ոչ: Մեկ անգամ ևս ուզում եմ պնդել՝ անգամ 4+4+4-ը չի ներկայացնելու այն ամբողջ ներկապնակը, որը կա: Բայց մենք պատրաստ ենք աշխատելու ցանկացած ֆորմատով: Դա ամենևին չի նշանակում, որ քաղաքական պատասխանավությունը դուք եք ստանձում, մենք համարում ենք, որ պետք է ներդրվեն իրատեսական, ողջամիտ մեխանիզմներ, որոնք թույլ կտան մեզ ստանալ որակապես վստահելի ընտրական արդյունք»:
Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա Դ. Հարությունյանն առաջարկեց Լ. Զուրաբյանի ընկերոջն այդ գործն անել. «Ձեր ընկերոջ փորձն ինձ համար շատ հետաքրքիր է, ու կարծում եմ՝ որևէ խնդիր չի լինի, մենք 40 000 դոլար կդրամադրենք Ձեր ընկերոջը, որ իրականացնի օն-լայն տրանսլյացիա ընտրատեղամասերից»:
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ հայտարարեց, որ միասնական պլատֆորմի գաղափարը Լ. Զուրաբյանը վերջապես հասկացել է. «Համաձայն ենք, մենք կքննարկենք ու ձեզ կասենք: Ընդունում ենք, բայց այդ ձեր ընկերոջ 40 հազարը չդարձնեք 100 հազար»:
Լ. Զուրաբյանն էլ հավաստիացրեց, որ չեն դարձնի:
Պատգամավոր Թևան Պողոսյանն էլ կատակով հայտարարեց. «Ոտքի վրա տենդեր եք կազմակերպում»:
Անի Քեշիշյան