«Ռուսաստանը չկարողացավ դառնալ գլոբալ խաղացող». Աղասի Ենոքյան
Քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ այն խնդիրները, որ Ռուսաստանն իր առաջ էր դրել, այսինքն՝ դառնալ գլոբալ խաղացող, նրան չհաջողվեց լուծել. «Պարզ է, որ նա ուներ մերձավորարևելյան խաղացող դառնալու խնդիր, որը հետո կփորձեր փոխարկել Ուկրաինայում՝ իր հանդեպ գործողությունների հետ, դա էլ չհաջողվեց: Բազմիցս Ռուսաստանին ցույց տվեցին, որ սա վերաբերում է միայն գլոբալ խաղացողներին: Ասում են՝ Ուկրաինան առանձին ենք քննարկում քեզ հետ, Սիրիան՝ առանձին: Ասադի համար Ռուսաստանը չլուծեց որևէ էական ստրատեգիական խնդիր: Այսինքն՝ կան ինչ-որ տակտիկական առաջխաղացումներ, բայց Ասադի վիճակը, այնուամենայնիվ, այդ հաջողություններով հանդերձ՝ անշրջելի չէ: Պարզ է, որ այս իրավիճակով Ասադը դժվար թե մնա իշխանության»:
Քաղաքագետը նկատեց՝ Ռուսաստանը Մերձավոր Արևելքում ռազմական ներկայություն ապահովեց, բայց ըստ նրա՝ սկզբնական ռազմական ներկայությունն ապահովելուց հետո այդքան խորը ռազմական գործողություններ իրականացնելու կարիք չկար. «Ինչո՞ւ Ռուսաստանը դուրս եկավ, ազնվորեն ասեմ՝ չգիտեմ: Երևի այստեղ ինչ-որ ստորջրյա հարցեր կան, որից մենք անտեղյակ ենք ու մոտ ժամանակներում կերևան»:
Իսկ ահա Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ռուսաստանը ցույց տվեց, որ գլոբալ խաղացող է. «Նախկինում Ռուսաաստանի տեղը հետխորհրդային տարածքն էր, Սիրիայով իրենք ցույց տվեցին, որ մեծ խաղացող են ու Ժնևի պրոցեսում իրենք օֆիցիալ խաղացողների մեջ են: Մյուս խնդիրը, որ լուծեց Ռուսաստանը, կապված է Ասադի հետ: Պարզ է, որ Ասադը թույլ է, բայց, այնուամենայնիվ, մի քիչ ստաբիլացրին Ասադի դիրքերը Սիրիայում, նա բանակցային պրոցեսի կողմ է»: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չկարողացավ վերականգնել Ասադի ազդեցությունը Սիրիայի ամբողջ տարածքի վրա.«Ռուսաստանը հասկացավ, որ դա անհնարին խնդիր է, քանի որ ատելությունը Ասադի նկատմամբ Սիրիայի շատ ու շատ շրջաններում բարձր է, եթե Ասադի համար շարունակես պայքարել, սունի աշխարհի հետ լուրջ խնդիրներ կունենաս»:
Ըստ նրա՝ մյուս հարցը, որը չկարողացավ լուծել Ռուսաստանը, կապված է Ուկրաինայի խնդրի, պատժամիջոցների հետ.«Ռուսաստանը գրեթե բացահայտ էր ասում, որ պատրաստ է Սիրիայի հարցում զիջումների գնալ ու պարզ է՝ ինչ նկատի ունեին իրենք. Ուկրաինայի հետ կապված սանկցիաները, բայց քանի որ մի քանի օր առաջ սանկցիաները և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ը նորից վերահաստատեցին ու երկարարցրին, պարզ է, որ այդ գործոնն էլ մեծ դեր խաղաց»: